«Վեոլիա Ջուր»-ը ՀԾԿՀ-ին առաջարկել է անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները
18:07 - 11 օգոստոսի, 2020

«Վեոլիա Ջուր»-ը ՀԾԿՀ-ին առաջարկել է անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները

 «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել է 2021թ. համար անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները: Այս մասին ընկերության դիմումը հրապարակված է հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Դիմումում նշված է, որ հաշվարկի արդյունքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների մատուցման սակագների գումարային մեծությունը կազմում է 179.283 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն), որի տարբերությունը 2020թ. գործող սակագնի նկատմամբ կազմում է 0,4%:

«ՀԾԿՀ որոշմամբ՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրված լիցենզիայի պայմանների համաձայն, եթե որևէ հաշվարկային տարվա համար հաշվարկված մանրածախ ծառայությունների մատուցման ճշգրտված գումարային սակագնի և գործող գումարային սակագնի տարբերությունը չի գերազանցում 0,5%-ը, ապա տվյալ հաշվարկային տարվա համար վերահաստատվում են ծառայությունների մատուցման գործող սակագները: Ելնելով նշվածից՝ խնդրում ենք 2021թ. համար գործող սակագները թողնել անփոփոխ»,- նշված է ընկերության ներկայացրած դիմումի մեջ:

Գործող և առաջարկվող սակագներ՝

  1. Մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց՝ 153 դրամ (ներառյալ ԱԱՀ)

  2. Մանրածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց՝ 27 դրամ (ներառյալ ԱԱՀ)

  3. Մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց՝ 36 դրամ (ներառյալ ԱԱՀ)

  4. Մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց՝ 18 դրամ (ներառյալ ԱԱՀ)

  5. «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց 11.031 դրամ (ներառյալ ԱԱՀ)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել