ԱՀ նախագահը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է ֆիզիկա- մաթեմատիկական դպրոցի հիմնադրման հարց
19:20 - 11 օգոստոսի, 2020

ԱՀ նախագահը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է ֆիզիկա- մաթեմատիկական դպրոցի հիմնադրման հարց

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 11-ին ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ ներկայացուցիչների՝ «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել նրանց ունեցած ներդրումն Արցախում ոլորտի առաջին հաջողված քայլերի համար և ընդգծել, որ ԱՀ կառավարությունը պատրաստ է քննարկելու ցանկացած առաջարկ, որը կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ապահովմանը: Նախագահի խոսքով՝ այդ ուղղությամբ կարևոր որոշումներ արդեն կայացվել են՝ բարենպաստ դարձնելով հարկային միջավայրը, սակայն ավելի գրավիչ ներդրումային դաշտ ունենալու համար մշակվում են նոր գործիքակազմեր:

Պատվիրակության անդամները ողջունել են Արայիկ Հարությունյանի ցուցաբերած պատրաստակամությունը և խոստացել աջակցել ինչպես ոլորտի զարգացման նոր ծրագրի մշակման, այնպես էլ կադրերի պատրաստման և նոր ներդրումների ներգրավման գործում: Մասնավորապես՝ քննարկվել են բուհական համակարգում ՏՏ ոլորտի նախագծերի իրականացման, ստարտափների ֆինանսավորման, ինչպես նաև` նոր ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցի հիմնադրմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել