Տիխանովսկայայի թիմակիցները կարծում են, որ նրա տեսաուղերձը նկարահանվել է ճնշման տակ
 |tert.am|
19:31 - 11 օգոստոսի, 2020

Տիխանովսկայայի թիմակիցները կարծում են, որ նրա տեսաուղերձը նկարահանվել է ճնշման տակ |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Օլգա Կովալկովան հայտարարել է, որ թեկնածուի տեսաուղերձը, որում նա կոչ է անում դուրս չգալ փողոց` բողոքի ակցիաների, տեսանկարահանվել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և, հնարավոր է, ճնշման տակ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Որպես մարդ, որը երկար ժամանակ Սվետլանայի կողքին է եղել, կարող եմ ասել, որ նա ընտրություններում իրեն հաղթող է համարում... Կարող եմ ենթադրել, որ նա նման բան ասել չէր կարող»,-հայտարարել է Կովալկովան։

Նա տեղեկացրել է նաև, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 16:00-ից Տիխանովսկայայի հետ կապը բացակայել է:

«Դատելով այն հագուստից, որը նա կրում է տեսանյութում, իսկ նա այդ հագուստով էր այն ժամանակ, երբ մենք բաժանվեցինք նրա` ԿԸՀ գնալուց առաջ, տեսանկարահանումն արվել է ԿԸՀ-ի շենքում: Առաջ նա ասում էր, որ բոլորը պետք է օրինական կերպով գործեն, բայց երեկ նա դա կարդում էր թղթից: Եթե Բելառուսը լքելու որոշումը նա ինքն է կայացրել` առանց համաձայնեցնելու թիմի և ԿԸՀ-ի հետ, կարող եմ ենթադրել, որ այդ տեսաձայնագրությունները նույնպես այնտեղ են արվել»,-ավելացրել է Կովալկովան:

Իր հերթին, Տիխանովսկայայի թիմակից Մարիա Կոլեսնիկովան հայտարարել է, որ Տիխանովսկայան շուրջ երեք ժամ խոսել է ԿԸՀ-ում, որտեղ նա գնացել էր ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոք ներկայացնելու, և այնտեղ են գնացել նաև ուժային կառույցների երկու բարձրաստիճան պաշտոնյա:

Կոլեսնիկովան ավելացրել է, որ ԿԸՀ-ի շենք են մտցրել նաև մեծ պայուսակներ, որոնց մեջ հնարավոր է նկարահանող սարքեր լինեին:

«Երբ քո շրջապատն ու ընտանիքը պատանդված են, դժվար է ճնշման տակ հայտարարություններ չանել»,-հավելել է Կոլեսնիկովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել