Տիխանովսկայային ժամանակ է հարկավոր որոշում կայացնելու համար. Լիտվայի արտգործնախարար |tert.am|
14:58 - 13 օգոստոսի, 2020

Տիխանովսկայային ժամանակ է հարկավոր որոշում կայացնելու համար. Լիտվայի արտգործնախարար |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային ժամանակ է հարկավոր հետագա գործունեության վերաբերյալ որոշում կայացնելու համար: Այս մասին այսօր` օգոստոսի 13-ին, Ziniu radijas ռադիոկայանի եթերում հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը, գրում է korrespondent.net կայքը:

Լինկյավիչուսը նշել է, որ Տիխանովսկայայի համար ընդմիջման կարիքը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա ծանր պայմաններում է հայտնվել:

«Եկեք նրան ժամանակ տանք, որի կարիքը նա ունի վերապրած սթրեսից հետո, որոշումներ ընդունելու համար, որոնց մասին նա ինքը կհայտնի: Տիխանովսկայան քաղաքական գործիչ չէ, դրա մասին ինքը նույնպես հայտարարել է, նրա ուսերին մեծ ծանրություն է ընկել, որին նա, հնարավոր է, պատրաստ չէր»,-ասել է Լինկյավիչուսը:

Նա նաև Տիխանովսկայային «ընտրությունների խորհրդանիշ» է անվանել, և կարծում է, որ նրա գործունեությունը «խթան է հանդիսացել այն հասկացության համար, որ Բելառուսում պետք է ձևավորվի քաղաքացիական հասարակություն»:

Արտգործնախարարի խոսքով` Տիխանովսկայան ներկայում 14-օրյա ինքնամեկուսացման մեջ է, ինչը պարտադիր է Բելառուսից Լիտվա եկած անձանց համար:

Ավելի վաղ Լինկյավիչուսը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահի թեկնածու, ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան Լիտվայում է՝ անվտանգության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել