Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է ՔԿ |pastinfo.am|
15:38 - 13 օգոստոսի, 2020

Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է ՔԿ |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» Ռ/Կ լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարուցված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության։ Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Օգոստոսի 8-ին «Ազատություն» ռ/կ-ն հայտարարել էր, որ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է իրենց լրագրողների մասնագիտական գործունեությանը, մասնավորապես, Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս Վլադիմիր Գասպարյանը պահանջել է, որ չնկարահանեն իր տունը, ապա մեքենան վարել լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վարերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել»,«սատկացնել»։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով։

Միջադեպի հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել էր, որ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում է հայց ներկայացնել դատարան, կապված «օտարերկրյա գործակալական ցանցի հիմնասյուն հանդիսացող Ազատություն ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ»: «ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից, այդ թվում ապազգային, անհայրենիք ուժերի ոտնձգություններից», - ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել