Ապօրինի անտառահատման դեպքերը կոծկելու դիմաց ոստիկանության պաշտոնյան կաշառք է ստացել․ ՀՔԾ
14:10 - 14 օգոստոսի, 2020

Ապօրինի անտառահատման դեպքերը կոծկելու դիմաց ոստիկանության պաշտոնյան կաշառք է ստացել․ ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հայտնում է` հիմնավորվել է, որ Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքերին ընթացք չտալու և դրանք կոծկելու դիմաց ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա. Դ.-ն ապօրինի ծառահատում իրականացրած բնակիչներից ստացել է կաշառք և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, իսկ ոստիկանին կաշառք տված քաղաքացիներից մեկն էլ կատարել է սուտ մատնություն:

Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության` Լոռու մարզի բնակիչ Հ. Հ.-ն, տեղեկանալով, որ իր կողմից 2019 թվականի նոյեմբերին մոտ մեկ խորանարդ մետր հաճարի և բոխու փայտանյութի ապօրինի հատման դեպքի առթիվ Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում, այդ մասին հայտնել է ընկերոջը՝ Ա. Ս.-ին: Վերջինս Հ. Հ.-ին օգնելու համար հանդիպել է այդ բաժնի պաշտոնատար անձանց, այդ թվում` ավագ տեսուչ Ա. Դ.-ի հետ:

Ոստիկանության ավագ տեսուչը, իր ծանոթ Ա. Ս.-ի մտերիմ Հ. Հ.-ին օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, նյութերի նախապատրաստման ընթացքում խեղաթյուրել է դեպքի իրական հանգամանքները. ձևական բնույթ կրող զննություն է կատարել այլ վայրում, որտեղ Հ. Հ.-ն իրականում ծառահատում չի իրականացրել, թաքցրել է վերջինիս կողմից հաճարի փայտանյութ ապօրինի հատելու հանգամանքը և որոշում կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Ա. Դ.-ի` վերը նշված ապօրինի գործողությունների հետևանքով նվազեցվել է բնությանը պատճառված վնասը: Այնուհետև Ա. Ս.-ն Հ. Հ.-ին դրդել է կաշառք տալ Ա. Դ.-ին, ով Վանաձորում նրանից անձամբ ստացել է կաշառքի գումարը։

Բացի այդ, Ա. Դ.-ն Լոռու մարզի մեկ այլ բնակչի` Ա. Ս.-ի՝ ապօրինի հատված փայտանյութով բեռնված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Ա. Ս.-ի կողմից ապօրինի ծառահատում իրականացնելու դեպքին օրինական ընթացք չտալու և վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվությունից ազատելու համար նրանից անձամբ պահանջել և ստացել է կաշառք:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ա. Ս.-ն կատարել է սուտ մատնություն` ոստիկաններին հանիրավի մեղադրելով խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Ոստիկանության ավագ տեսուչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) և 311-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար):

Հ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել 312-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձին կաշառք տալը, այսինքն՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար), կաշառք տալուն դրդած Ա. Ս.-ին` 38-312-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Լոռու մարզի բնակիչ Ա. Ս.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով):

Չորս մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել