Կառավարությունում պատրաստվում է փաթեթ Լիբանանից ժամանողներին ըստ արժանվույն ընդունելու համար |armenpress.am|
15:45 - 14 օգոստոսի, 2020

Կառավարությունում պատրաստվում է փաթեթ Լիբանանից ժամանողներին ըստ արժանվույն ընդունելու համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը պատրաստում է մի փաթեթ, որ կարողանա ըստ արժանվույն ընդունել Լիբանանից Հայաստան եկողներին: Ասուլիսին այս մասին նշեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մենք պետք է կարողանանք ըստ արժանվույն ընդունել այն մարդկանց, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, ապրել այստեղ, դառնալ հասարակության լիիրավ անդամներ, քաղաքացիներ, հարկ վճարողներ, զինվորներ, և փորձենք միասին կերտել մեր երազած Հայրենիքը»,- ասաց Զարեհ Սինանյանը:

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանն իրականացնո՞ւմ է լիբանանահայերի նկատմամբ  հայրենադարձության քաղաքականություն, Զարեհ Սինանյանը խնդրի այսպիսի դրվածքն այնքան էլ ճիշտ չի համարում: Նա նշեց, որ հայրենադարձության քաղաքականության դեպքում պետությունը թելադրողի դերում է: Այսինքն՝ ինքն է ստեղծում այն իրավիճակը, որի արդյունքում մարդիկ ուզում են վերադառնալ Հայրենիք:

«Այս պարագայում իրականում մենք դիտորդի դերում ենք: Ժամանակի ընթացքում մեր կամքից անկախ ստեղծվել են հանգամանքներ, որոնք հանգեցրել են այս իրավիճակին: Դրանցից  է Լիբանանին պարտադրված երկարաժամկետ տնտեսական ճգնաժամը, որը մի փոքր արհեստածին է, բայց հետևաքնեը լուրջ են: Հաջորդ խնդիրն այդ երկրի բանկային համակարգի կաթվածահար վիճակն է: Այնտեղ առկա է տարբեր երկրների շահերի բախում: Մարդկանց մոտ լուրջ վախ կա, որ կարող են ունենալ Սիրիայի քաղաքացիական պատերազմը հիշեցնող երևույթներ: Ավելացնենք կորոնավիրուսով պայմանավորված խնդիրները: Պայթյունն էլ վերջին հարվածն էր: Արդյունքում ունենքն այն, ինչ ունենք»,- ասաց Զարեհ Սինանյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նկատեց, որ Լիբանանից դուրս գալու տրամադրությունները քաղաքացիների շրջանում կային դեռ 2019 թվականից: Մասնավորապես, նա ներկայացրեց 2019 թվականի վերջին անցկացված սոցհարցման տվյալները: Հարցմանը մասնակցել է 521 լիբանանահայ: Հարցվածների 58 տոկոսը նշել էր, որ մոտ ապագայում լքելու է Լիբանանը: Զգալի հատվածն էլ ասել էր, որ մտածում են Հայաստան գալու մասին:

«Մենք որպես պետություն պատասխանատվություն ենք կրում մեր քաղաքացիների համար: Դեսպանության տվյալներով, Լիբանանում 25 հազար ՀՀ քաղաքացի է բնակվում, մենք պատասխանատվություն ունենք մեր հայրենակիցների համար»,-հավելեց Զարեհ Սինանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել