Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի բոլոր մասնագիտական ստորաբաժանումների ներգրավմամբ Էջմիածնում անցկացվել են կիրակնօրյա անակնկալ ստուգայցեր։ Մշտադիտարկվել են ատամնաբուժական կլինիկաներ, դեղատներ, առևտրի և սպասարկման կազմակերպություններ, գեղեցկության սրահներ։

Մշտադիտարկումների ընթացքում արձանագրվել է, որ նախկինում հանդիպող խախտումներն էականորեն նվազել են, սակայն դեռևս կան տնտեսավարող կազմակերպություններ, որտեղ չեն վարվում սահմանված ձևաչափի գրանցամատյաններ, խախտվում է ջերմաչափման և ախտահանման պարբերականությունը և այլն։

Նախորդ օրերին ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի մշտադիտարկումներն ընդգրկել էին նաև խմիչքի արտադրության խոշոր գործարաններ․ արդյունքում նաև կասեցման միջնորդություններ են ներկայացվել պարետին։

ԱԱՏՄ աշխատակիցները տնտեսավարողների ուշադրությունը հրավիրել են կարևոր մի քանի հանգամանքի վրա, մասնավորապես, ախտահանման գործընթացում օգտագործել 60-80 տոկոսանոց սպիրտային ախտահանիչ լուծույթ, ճիշտ կրել դիմակը, սահմանված կարգով ջերմաչափել աշխատակիցներին և ճշգրիտ լրացնել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները: