ՀՀ պարետի որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով՝ օգոստոսի 18-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ հերթական վերահսկողական միջոցառումները և մշտադիտարկումներն են կատարել Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վաղ առավոտից սկսված դիտարկման ընթացքում հայտնաբերվել են մի քանի գերբեռնված տրանսպորտային միջոցներ, մասնավորապես հայտնաբերվել են կանգնած ուղևորներ, ինչպես նաև նստարանների թվաքանակից ավել նստեցումով փոխադրման դեպքեր, իսկ մարդատար տաքսի ավտոմոբիլների դեպքում հայտնաբերվել են առանց դիմակի ուղևորափոխադրում իրականացնող վարորդներ:

«Արդյունքում նշված բոլոր խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

 Տեղում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ, վարորդների, ուղևորների հետ տարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրվել ցուցումներ՝ խստագույնս պահպանելու պարետի կողմից սահմանված անվտանգության կանոննները։

Մարզերում և Երևան քաղաքում Տեսչական մարմնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ իրականացնում են ամենօրյա հսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով հանրային տրանսպորտի անվտանգ գործունեությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։