Այսօր էլ հայկական բանակի գրեթե ողջ զրահատեխնիկան, գրեթե ողջ հրաձգային զենքերը 80-ականների են․ ինչո՞ւ չկրակեց իսկանդերը․ Սերժ Սարգսյան
13:15 - 19 օգոստոսի, 2020

Այսօր էլ հայկական բանակի գրեթե ողջ զրահատեխնիկան, գրեթե ողջ հրաձգային զենքերը 80-ականների են․ ինչո՞ւ չկրակեց իսկանդերը․ Սերժ Սարգսյան

Ես առաջարկում եմ՝ այսօր չխոսենք հանձնաժողովի և հանձնաժողովում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որովհետև ես խոստացել եմ չհրապարակել որևէ կարծիք, որևէ հարց։ Քննիչ հանձնաժողովը իր զեկուցը ներկայացնելու է Ազգային ժողովում, դրանից հետո մենք առիթ ենք ունենալու հանդիպելու, որպեսզի կա՛մ համաձայնենք, կա՛մ չհամաձայնենք հանձնաժողովի կարծիքների հետ։  Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սերժ Սարգսյանը՝ խոսելով  ապրիլյան պատերազմի հանագամանքներն ուսումնասիրող  հանաձնաժողովի գործունեության մասին։

Անդրադառնալով Հայաստանի և Ացախի միջև ռազմավարական փոխօգնության պայմանագրի նախագծին և հարցին, թե  ե՞րբ կգա դա ստորագրելու պատեհ պահը, Սարգսյանն ասաց․

«Իհարկե, համաձայնագիրը պատրաստ էր և համապատասխան հաստատությունում էր, ես կարծում եմ, որ այդպիսի համաձայնագրի ստորագրումը նման է լինելու տեղեկատվական և դիվանագիտական իսկանդերի կրակոցի, ուստի այն պետք է անել ճիշտ ժամանակին, որպեսզի մենք հավելյալ վտանգներ չստեղծենք։ Սակայն խորապես համոզված եմ, որ դրա անհրաժեշտությունը լինելու է»։

Խոսելով 2016 թվականին Գերմանիայում իր հնչեցրած հայտարարության՝ 80-ական թվականների զենքերով կռվելու մասին, Սարգսյանը հիշեցրեց, որ հայտարարությունն արել է  քառօրյայից անմիջապես հետո՝ Գերմանիայում, իսկ 2016 թվականին Գերմանիան նախագահում էր ԵԱՀԿ-ում։ 

«Իրոք, այդ հայտարարությունը շատ մեծ շահարկումների տեղիք տվեց՝ առաջին հերթին այն մարդկանց համար, որոնք լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում 80-ականների զենք։ Իմ ասածը, եթե թարգմանանենք դիվանագիտական լեզվով, հետևյալն էր․ «Հարգելի՛ ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանգամանքից, որ դուք աչք եք փակում Ադրբեջանի՝ մինչև ատամները զինվելու հանգամանքի վրա, մեր մարտիկները կարողանում են պաշտպանել իրենց հայրենիքը»։ Դա պարզ բան էր, բայց ուզում եմ ավելացնել մանրմամասներ՝ 80-ականների զենք հասկացության վերաբերյալ։ Դուք ունեք բոլոր հնարավորությունները՝ պարզելու, թե կա՞ արդյոք աշխարհում մի բանակ, որը չունի 80-ականների զենք։ Եթե կգտենք մի այդպիսի բանակ՝ ամենաժամանակակից բանակների թվում, ես կհայտարարեմ, որ այդ գործից բան չեմ հասկանում։

Հիմա նույնպես, ոչ միայն մեր զինված ուժերի զինանոցներում են 80-ականների զենքները այլև ամենահարուստ և ամենամեծ ապահովություն ունեցող զինված ուժերում։ Չեմ ուզում խորանալ օրինակների մեջ, բայց այսօր էլ հայկական բանակի գրեթե ողջ զրահատեխնիկան, գրեթե ողջ հրաձգային զենքերը 80-ականների են։ Մեր բանակի և շատ այլ բանակների սպառազինությունների մեջ նույնիսկ 40-50-ականների զենքեր կան, սա է ճշմարտությունը։ Կարծում եմ, որ այդ շահարկումները քաղաքական նպատակ ունեին, և միգուցե պատճառը թեմային չտիրապետելն էր։ Ինչո՞ւ իսկանդերը չկրակեց, որովհետև քառօրյա պատերազմը առաջին հերթին լայնածավալ պատերազմ չէր, այլ լայնածավալ ռազմական գործողություններ էին։ Եթե մենք այդ ժամանակ կիրառեինք իսկանդերը, դա կլիներ, ինչպես ասում են, «կրակոց թնդանոցից՝ ճնճղուկների վրա»։ Դրա տեղը չէր, այն շատ հզոր զենք է, և դրա առաջին առաքելությունը կայանում է հակառակորդին զսպելու մեջ, ոչ միայն իսկանդերը, այլ նաև մեր մնացած հեռահար միջոցները ճիշտ ժամանակին գտնվում էին իրենց կրակակետերում և պատրաստ էին կատարելու ցանկացած հրաման»։ 

Անդրադառնալով օրերս BBC.com-ի լրագրողի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղած հարցին, թե արդյոք նա պատրա՞ստ է ներողություն խնդրել Ադրբեջանից՝ հայերի, այսպես կոչված, ռազմական հանցագործությունների համար, լրագրողը հարցրեց նաեւ,  թե ո՞րը կլիներ Սերժ Սարգսայանի պատասխանը, վերջինս արձագանքեց․

«Իսկ ինչու պետք է մենք Ադրբեջանից ներողություն խնդրենք, այն բանի համար, որ մենք, օրենքի տառին հետևելով, փորձում էինք խաղաղ ճանապարհով իրացնել  ինքնորոշման մեր իրավունքը, իսկ նրանք հրոսակախմբեր ուղարկեցին մեզ վրա և փորձում էին զենքով մեզ ճնշել։ Այն բանի համար, որ իրենք իրենց կրակակետերը տեղադրել էին բնակավայրերո՞ւմ և իրենց ապահո՞վ էին զգում՝ հրետակոծելով ողջ խաղաղ բնակչությանը։ 1992 թվականի մինչև մայիսը օր է եղել, որ Ստեփանակերտի վրա մինչև 350 ռումբ, արկ ու հռթիռ է ընկել։ Դրա՞ համար ներողություն խնդրեինք»։

Սարգսյանը նշեց, որ և՛ ինքը, և՛ իր  մարտական ընկերները չունեն որևէ կոմպլեքս՝ ներողություն խնդրելու, բայց դրա համար հիմք է պետք։ 

«Մենք ամաչելու ոչինչ չունենք, կամաչեինք, եթե չդիմադրեինք, չպաշտպանեինք մեր օջախները, այդ ժամանակ պետք է ներողություն խնդրեինք, բայց ո՛չ Ադրբեջանից, այլ ժողովրդից։ Մենք որևէ առիթ չունենք Ադրբեջանից ներողություն խնդրելու, իհարկե, ես ցավում եմ, որ և՛ հայկական կողմից, և՛ ադրբեջանական կողմից եղան զոհեր քաղաքացիական բնակչությունից, բայց պատերազմի առանձնահատկությունններից մեկն էլ դա է։ Մենք որևէ ամաչելու արարք չենք արել, որպեսզի  ներողություն խնդրենք»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել