Մենք նախօրոք չենք իմացել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ գործողությունների, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է․ Սերժ Սարգսյան
14:06 - 19 օգոստոսի, 2020

Մենք նախօրոք չենք իմացել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ գործողությունների, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է․ Սերժ Սարգսյան

Ես չեմ ասել, որ պատերազմի հենց առաջին օրը ճանաչելու ենք ԼՂ անկախությունը։ Փառք Աստծո, այդ պատերազմը տևեց 4 օր, եթե այն երկարաձգվեր, մենք անպայման ճանաչելու էինք ԼՂ անկախությունը, որովհետև ակնհայտ էր դառնալու, որ մենք հաստատակամ ենք իրագործել մեր այն խոստումը, որ տվել էինք մեր ժողովրդին։ Այն է՝ ՀՀ զինված ուժերը հանդիսանում են ԼՂ անվտանգության երաշխավոր և Հայաստանը ամեն ինչ օգտագործելու է, որպեսզի պաշտպան ԼՂ բնակչությանը։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացում ասաց Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու օգտվելով քառօրյա պատերազմից ստեղծված առիթից Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը։ Սարգսյանը հավելեց․

«Ես հիմա էլ համոզված եմ, որ եթե լինի լայնամասշտաբ պատերազմ, ապա Հայաստանը պարտավոր է ճանաչել ԼՂ անկախությունը։ Դա պետք է լինի իրադրությունից բխող արդարացված որոշում, ոչ թե առիթ։
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք տավուշյան վերջին իրադարձությունները կարելի է համեմատել ապրիլյան դեպքերի հետ, Սարգսյանը նշեց, որ դրանք որևէ կերպ չի կարելի 
համեմատել։ Սարգսյանն ընդգծեց, որ Տավուշում հայկական   Զինված ուժերը իրենց լավագույնս դրսևորեցին և կատարեցին չափազանց կարևոր խնդիր, սա պետք  է գնահատել և շնորհավորել։ Սարգսյանի խոսքով սակայն, նույնը պետք էր անել 2018 թվականի  մայիս-հունիս ամիսներին՝ Նախիջևանի ուղղությամբ, դա այն ժամանակ անհրաժեշտություն էր։

«Ունեմ երկու նկատառում, առաջին՝ ցանկալի կլիներ, որպեսզի մեր հանրությունը, այդ թվում նաև ես մի քիչ ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե բոլոր 71 հոգին, որոնք պարգևատրվել են կամ պետք է պարգևատրվեն «Մարտական խաչ»-ով, ո՞ր սխրագործության համար են պարգևատրվում այդ շատ բարձր կրծքանշաններով։ Սա չափազանց կարևոր հանգամանք է։ Երկրորդ նկատառումս այն է, որ 1994 թվականին կնքած հրադադարից հետո, երբ  ՀՀ առաջին նախագահ Լևոն  Տեր- Պետորոսյանը իմի էր բերում ռազմական գործողությունները և դրանցում ակտիվ մասնակցություն ունեցածներին , ընդամենը 20 հոգի պարգևատրվեցին «Մարտական խաչ»-ով։

Սրանով չեմ կշտամբում ոչ մեկին, ուղղակի համեմատում եմ։ Տարբերությունները շատ մեծ են, մի բան են  ռազմական լայնածավալ գործողությւոնները, որոնք մղվում էին 200 կիլոմետրից ավելի հատվածում, մեկ այլ բան է մարտական բախումը, որը տեղի է ունենում մի քանի հարյուր մետր հատվածում։ Սրանք բոլորովին տարբեր բաներ են, բայց շատ ուրախ եմ , որ մեր Զինված ուժերը իրենց լավագույնս ցուցաբերեցին, գոնե հիմա, ոչ ոք չի կարող ասել, որ մեր Զինված ուժերը մարտունակ չեն»։ 

Անդրադառնալով  դիրքային բարելավումներին, Սարգսյանը պնդեց,  որ 1994 թվականի հրադադարից հետո այդ գործընթացը երբեք կանգ չի առել , մինչև ապրիլյան պատերազմը բազմաթիվ վայրերում, շփման գծում  եղել են  բազմաթիվ դիրքային  բարելլավումներ։
«Ուղղակի մենք դա արել ենք լուռ, առանց աղմուկի։ Խորապես համոզված եմ, որ այն բոլոր հայտարարությունները, թե մենք իբր իմացել ենք հարձակման մասին ստույգ տեղեկություններ, ուղղակի հնչեցվել են մարդկանց կողմից, ովքեր հնարավորություն չեն ունեցել ամբողջական ծանոթություն ունենալ այդ և դրան նախորդող ժամանակաշրջանի՝ այդ թվում հետախուզության տրամադրած տեղեկություններին կամ, եթե ունեցել են, ապա նրանք լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում հետախուզական տեղեկություններ։ Ո՛չ, մենք նախօրոք չենք իմացել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ գործողությունների։ Թե ինչու չենք իմացել, դա նույնպես մասնագիտական հարց է, ցավոք սրտի անգամ աշխարհի ամենալավ հետախուզությունները չեն կարողանում ունենալ ամբողջական տեղեկություն։ Այո՛ , այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է, դրանում կասկած չկա։  Մենք ապրիլի 1-ի երկրորդ կեսին իմացել ենք, որ Ադրբեջանը պատրաստվում է իրականացնել դիվերսիա, այսքանն է եղել տեղեկությունը և համապատասխան հատվածներում կատարվել են անհրաժեշտ քայլերը»,- եզրափակեց Սարգսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել