«Նվիրյալները». պատգամավորների աշխատավարձերը՝ պաշտոնը ստանձնելուց առաջ եւ հետո
13:32 - 08 սեպտեմբերի, 2020

«Նվիրյալները». պատգամավորների աշխատավարձերը՝ պաշտոնը ստանձնելուց առաջ եւ հետո

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ պատգամավորների աշխատավարձերի եւ պարգեւատրումների թեման մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է: Վերջերս «Առավոտը» հարցման միջոցով պարզել էր, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները 2017 թվականի ապրիլից մինչեւ 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ստացել են 33 մլն ՀՀ դրամ պարգեւավճար, իսկ 7-րդ գումարման պատգամավորների` 2019 թվականի փետրվարից մինչեւ 2020 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում ստացած պարգեւավճարների ընդհանուր գումարի չափը կազմել է 580 մլն ՀՀ դրամ: 

6-րդ եւ 7-րդ գումարման խորհրդարանների պատգամավորների պարգեւավճարների չափի զգալի տարբերության հրապարակմանը հաջորդեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ միջանցքում լրագրողի հետ ունեցած բանավեճը:

«Այսինքն, ձրի՞ աշխատենք: Աշխատավարձը պիտի համապատասխանի, մարդիկ չեն ուզում գալ: 580 մլն մի՛ ասա, 100, 200 հազար դրամ ասա: Մարդիկ չեն ուզում աշխատեն, հարգելի՛ս, դուք ուզում եք երկիրը կառավարեն»,- լրագրողի հետ բանավեճի ընթացքում ասել էր Սիմոնյանը: 

Ըստ էության՝ ԱԺ փոխնախագահը կրկնում է նույն այն թեզը, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ որի՝ կառավարությունից եւ պետական ապարատից դեպի մասնավոր սեկտոր մեծ հոսք է նկատվում՝ ցածր վարձատրության պատճառով: Սիմոնյանը նույն դիտարկումն անում է նաեւ պատգամավորների վերաբերյալ՝ նշելով, որ մարդիկ չեն ուզում աշխատել:

«Պաշտոնյան պետք է նորմալ աշխատավարձ ստանա, կարող է հրաժարվեմ, չմասնակցեմ ընտրությունների, գնամ իմ գիտելիքները տամ «Կոկա-կոլա» քոմփընիին: Պայմանական եմ ասում, գնամ այնտեղ խոսնակ, տնօրեն աշխատեմ, 3 մլն աշխատավարձ ստանամ: Նվիրյալնե՜ր: Այո՛, բոլորս էլ նվիրյալներ ենք, որ դիմանում ենք այս ամեն ինչին: Դիմանում ենք այս ստին, կեղծիքին, մեր անձնական կյանքի մեջ մտնելուն, լկտիությանը, բռնությանը: Բա նվիրյալներ ենք, որ այդ ամեն ինչը անում ենք»,- հայտարարել էր Ալեն Սիմոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ «Զրույց քաղաքացու հետ» խորագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ եթե որակով որեւէ բան ենք ուզում, ապա դրա արժեքը թանկ է:

«Պատգամավորի մաքուր աշխատավարձը՝ հանած բոլոր հարկերն ու տուրքերը, կազմում է 461 հազար դրամ, դրան գումարած՝ 150 հազար դրամ պարգեւավճարը»,- ասել էր պատգամավոր Գրիգորյանը:

2019 թվականին պատգամավորների պարգեւատրումների ընդհանուր չափը կազմել է 526 մլն ՀՀ դրամ, հետեւաբար՝ միջին ամսական պարգեւատրումները կազմել են մոտ 330 հազար ՀՀ դրամ (հարկերն ու տուրքերը հանած՝ 248 հազար), ինչն էականորեն տարբերվում է Սուրեն Գրիգորյանի նշած թվից: Հավելենք նաեւ, որ 330 հազար ՀՀ դրամը պատգամավորների պաշտոնային դրույքի մոտ 50%-ն է:

Հասկանալու համար, թե որքան են իրականությանը մոտ Ալեն Սիմոնյանի այն պնդումները, թե պատգամավորները չեն ուզում աշխատել, քանի որ աշխատավարձի չափը բավարար չէ եւ մասնավոր սեկտորում կարող են ավելի շատ վարձատրվել, դիտարկենք, թե որքան աշխատավարձ են ստացել պատգամավորները՝ մինչեւ պաշտոնավարումը եւ որքան են ստանում հիմա:

Տվյալների համար հիմք են հանդիսացել պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերը եւ ինքնակենսագրականում առկա տվյալները:

«Իմ քայլը» խմբակցություն

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը պատգամավոր է դարձել 2018 թվականի մայիսի 16-ին: Մինչեւ պատգամավոր դառնալը՝ Սիմոնյանը եղել է Երեւանի ավագանու անդամ: Զուգահեռ եղել է իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ-ի՝ «araratnews.am» կայքի եւ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: Ըստ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի` պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը նա հայտարարագրել է 560 հազար ՀՀ դրամ: Հաշվի առնելով հեղափոխության շրջանի քայլերթերում, ընթացող գործընթացներում Ալեն Սիմոնյանի ներգրավվածությունը՝ ընդունենք, որ այս գումարը իր հունվար-մարտ ամիսների եկամուտն է։ Հետեւաբար, ըստ ամենայնի, Ալեն Սիմոնյանը մինչեւ պաշտոնը ստանձնելը ստացել է ամսական մոտ 187 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պաշտոնը ստանձնելու օրից մինչեւ տարեվերջ՝ պատգամավորը հայտարարագրել է 4 մլն 183 հազար ՀՀ դրամ եկամուտ, այսինքն` ամսական ստացել է 558 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ պարգեւավճարները): Արդեն 2019 թվականին Ալեն Սիմոնյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են ամսական 1 մլն 22 հազար ՀՀ դրամ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը պատգամավոր է դարձել 2019 թվականի հունվարի 14-ին: Մինչ պատգամավոր աշխատելը՝ Խաչատրյանը եղել է Լոռու մարզպետի տեղակալ, իսկ մինչ այդ՝ Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ: Ըստ հայտարարագրի՝ պաշտոն զբաղեցնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելը (2018 թվականի հունիսի 14)՝ պատգամավորը հայտարարագրել է 536 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ, այսինքն՝ ամսական 98 հազար ՀՀ դրամ: Ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի՝ մարզպետի տեղակալի աշխատավարձը կազմում է 529 հազար ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), հարկերը հանած՝ 391 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր դառնալուց հետո նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 752 հազար ՀՀ դրամ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը պատգամավոր է  2018 թվականի մայիսի 16-ից: Մինչեւ պաշտոնավարելը եղել է «Para.tv» համացանցային հեռուստաընկերության «Մի խոսքով» հաղորդաշարի հեղինակ եւ վարող, ինչպես նաեւ՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ: Ըստ ներկայացրած հայտարարագրի՝ մինչ պաշտոնավարելը Կոնջորյանի աշխատանքի վարձատրությունը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 341 հազար ՀՀ դրամ: Պատգամավորի պաշտոնը ստանձնելուց հետո հետո` 2018-ին` 677 հազար ՀՀ դրամ, իսկ 2019-ին` 754 հազար ՀՀ դրամ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատգամավոր է ընտրվել 2019 թվականի հունիսի 10-ին: Մինչեւ ընտրվելը՝ Հովհաննիսյանը եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ: Ըստ ներկայացրած հայտարարագրի՝ մինչ պատգամավոր ընտրվելը՝ Հովհաննիսյանի մեկ ամսվա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 528 հազար ՀՀ դրամ, պատգամավոր դառնալուց հետո՝ 791 հազար ՀՀ դրամ: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը պատգամավոր է դարձել 2019 թվականի հունվարի 14-ին: Մինչ այդ՝ Մեխակյանը զբաղեցրել է Էջմիածնի քաղաքապետի տեղակալի պաշտոնը: Այդ պաշտոնում նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 341 հազար ՀՀ դրամ, առանց հարկերի՝ 253 հազար ՀՀ դրամ, պատգամավոր դառնալուց հետո՝ 2019 թվականին՝ 767 հազար ՀՀ դրամ:

Պատգամավոր Արփինե Դավոյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է ՀՀ վարչապետի օգնական: Մինչեւ պաշտոնավարելը՝ Դավոյանը եղել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության գործավար: Նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները, ըստ ներկայացված հայտարարագրի, եղել են 110 հազար ՀՀ դրամ: Արդեն վարչապետի օգնականի պաշտոնում նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 897 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր դառնալուց հետո՝ 778 հազար ՀՀ դրամ:

Պատգամավոր Երջանիկ Հակոբյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, այնուհետեւ վարչության պետ, իսկ մինչ այդ՝ «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի իրավաբան եւ միջազգային-վարկային պայմանագրերի կառավարման մասնագետ: Ըստ հայտարարագրի՝ մինչ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը ստանձնելը ստացել է 409 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պաշտոնավարման ժամանակ Հակոբյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 1 մլն 47 հազար ՀՀ դրամ, պատգամավոր ընտվելուց հետո՝ 762 հազար ՀՀ դրամ:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մինչեւ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը: Դրանից առաջ եղել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավար: Մինչ պաշտոնավարելը՝ Մակունցի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 353 հազար ՀՀ դրամ: Մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 581 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 745 հազար ՀՀ դրամ:

Պատգամավոր Կարեն Սարուխանյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է Շիրակի մարզպետ, իսկ մինչ այդ եղել է «Բյուրակնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կենսաբանության եւ ինֆորմատիկայի ուսուցիչ: Եթե հաշվի առնենք, որ Սարուխանյանը մասնակցել է հեղափոխության քայլերթերին եւ այդ ամիսներին աշխատավարձ չի ստացել, ապա, ըստ իր հայտարարագրի, ուսուցիչ եղած ժամանակ նրա աշխատավարձը կազմել է առավելագույնը 114 հազար ՀՀ դրամ: ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Սարուխանյանը ստացել է 497 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ պատգամավոր ընտրվելուց հետո՝ 735 հազար ՀՀ դրամ:

Պատգամավոր Կարեն Համբարձումյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է Սյունիքի մարզպետ: Մինչ պաշտոնավարելը Համբարձումյանը երեք ամիս եղել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծ եւ համապատասխան ենթակայան» ծրագրի համակարգող-պատասխանատու եւ ստացել է 308 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Սյունիքի մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 556 հազար ՀՀ դրամ, իսկ պատգամավոր ընտրվելուց հետո՝ 775 հազար ՀՀ դրամ:

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը մինչ պատգամավոր ընտրվելը՝ 2017-2018 թվականներին աշխատել է որպես պատգամավորի օգնական, «ՀԱՊԿ եւ Եվրազես» համալսարանի դասախոս: Ապա ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղի տնօրեն, որից հետ նշանակվել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ապա Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար: ԱԺ պատգամավորի օգնականի պաշտոնային դրույքաչափը 198 հազար ՀՀ դրամ է, առանց հարկերի՝ 147 հազար ՀՀ դրամ: Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը՝ 400 հազար ՀՀ դրամ ներառյալ հարկերը, առանց հարկերի՝ 297 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր դառնալուց հետո Ստեփանյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները աճել են՝ կազմելով 773 հազար ՀՀ դրամ: 

Խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: Մինչ պաշտոնավարելը եղել է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն, իսկ մինչ այդ՝ 2012-2017 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավորի օգնական: Պատգամավորի օգնականի պաշտոնային դրույքաչափը առանց հարկերի 147 հազար ՀՀ դրամ է։ Ըստ ներկայացված հայտարարագրի՝ Սիմիդյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 358 հազար ՀՀ դրամ: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 582 հազար ՀՀ դրամ, իսկ պատգամավոր ընտրվելուց հետո՝ 770 հազար ՀՀ դրամ:

Հովիկ Աղազարյանը պատգամավորի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի մայիսի 16-ին: Մինչ պատգամավոր ընտրվելը Աղազարյանը չի աշխատել, սակայն հայտարարագրել է 1 մլն ՀՀ դրամ այլ եկամուտ, որը եթե բաժանենք ամիսների, ապա մինչ պատգամավոր դառնալը Աղազարյանի այլ եկամուտը ամսական կազմել է 222 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 2018-ին, Աղազարյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 639 հազար ՀՀ դրամ, իսկ 2019-ին՝ 804 հազար ՀՀ դրամ:

Հռիփսիմե Գրիգորյանը պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ին: Մինչ այդ՝ Գրիգորյանը զբաղեցրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը: Մինչ այդ՝ 2016 թվականից զբաղեցնում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգող, մարկետինգի եւ խթանման վարչության խորհրդականի պաշտոնը, որտեղ, ըստ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի, Գրիգորյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 210 հազար ՀՀ դրամ: Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում Գրիգորյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 701 հազար ՀՀ դրամ, իսկ պատգամավորական գործունեության ժամանակ՝ 721 հազար ՀՀ դրամ:

Մերի Գալստյանը եւս պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ պատգամավոր ընտրվելը՝ Գալստյանի զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդականի պաշտոնը, ինչպես նաեւ եղել է ԵՄ եւ ՀՀ միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բնական ռեսուրսների կառավարման, շրջակա միջավայրի եւ կլիմայի փոփոխության ոլորտում օրենսդրական մոտարկման գործընթացի համակարգող: Նախարարի խորհրդականի պաշտոնային դրույքաչափը 364 հազար ՀՀ դրամ է` հարկերը ներառյալ, առանց հարկերի՝ 270 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո Գալստյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 772 հազար ՀՀ դրամ:

Ռուբեն Ռուբինյանը մինչ պատգամավոր դառնալը զբաղեցրել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը: Մինչ պաշտոնավարելը Ռուբինյանը զբաղվել է գիտական գործունեությամբ եւ հայտարարագրած 150 հազար ՀՀ դրամ աշխատավարձը հավանաբար ստացել է գիտական գործունեության համար: ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնում Ռուբինյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 530 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 884 հազար ՀՀ դրամ:

Սերգեյ Ատոմյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ եւ ստացել է 323 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 772 հազար ՀՀ դրամ:

Վաղարշակ Հակոբյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է սփյուռքի նախարարի օգնական: Նախարարի օգնականի պաշտոնային դրույքաչափը 298 հազար ՀՀ դրամ է, առանց հարկերի՝ 221 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվեուց հետո Հակոբյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 775 հազար ՀՀ դրամ:

Վարազդատ Կարապետյանը մինչ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը, իսկ դրանից առաջ եղել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար: Մինչ պաշտոնավարումը՝ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 600 հազար ՀՀ դրամ: Փոխնախարարի պաշտոնում Կարապետյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները եղել են 523 հազար ՀՀ դրամ, պատգամավոր դառնալուց հետո՝ 899 հազար ՀՀ դրամ:

Աննա Կարապետյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է ԱԺ պատգամավորի օգնական, ապա առաջին փոխվարչապետի խորհրդական, որից հետո առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար: Պատգամավորի օգնականի պաշտոնային դրույքաչափը առանց հարկերի 146 հազար ՀՀ դրամ է, փոխվարչապետի խորհրդականինը` 435 հազար ՀՀ դրամ, փոխվարչապետի գրասենյակի ղեկավարինը` 479 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո Կարապետյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 811 հազար ՀՀ դրամ:

Վահե Ղալումյանը մինչեւ 2015 թվականը եղել է Իջեւանի ճանշինվարչության գործադիր տնօրենի առաջին տեղակալ: Դրանից հետո մինչեւ 2018 թվականը չի աշխատել: 2018 թվականի հունիսի 1-ից մինչեւ պատգամավոր ընտրվելը զբաղեցրել է Տավուշի մարզպետի պաշտոնը: Մարզպետի պաշտոնում Ղալումյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են  519 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 764 հազար ՀՀ դրամ:

Քրիստինե Պողոսյանը մինչ պատգամավոր դառնալը եղել է  «Tre gufo» հայկական արծաթյա զարդերի խանութի հիմնադիր տնօրեն, որից հետո առաջին փոխվարչապետի օգնական: Փոխվարչապետի օգնականի պաշտոնային դրույքաչափը առանց հարկերի 342 հազար ՀՀ դրամ է: Պատգամավոր ընտրվելուց հետո Պողոսյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 716 հազար ՀՀ դրամ:

Արսեն Միխայլովի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մինչ պաշտոնը ստանձնելը կազմել են 153 հազար ՀՀ դրամ, պատգամավոր ընտրվելուց հետո` 2017-ին` 644 հազար ՀՀ դրամ, 2018-ին՝ 565 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 766 հազար ՀՀ դրամ:

Վլադիմիր Վարդանյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է Սահմանադրական դատարանի խորհրդական, ապա Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, իսկ մինչ այդ` «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն: Ըստ հայտարարագրի` մինչ պաշտոնավարելը՝ Վլադիմիր Վարդանյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 498 հազար ՀՀ դրամ: Սահմանադրական դատարանի խորհրդականի պաշտոնում Վարդանյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 580 հազար ՀՀ դրամ, ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում՝ 2018-ին՝ 656 հազար ՀՀ դրամ, պատգամավոր ընտրվելուց հետո՝ 984 հազար ՀՀ դրամ: Վլադիմիր Վարդանյանը մշտապես աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճար ստացել է 3 աղբյուրներից: Ըստ 2019 թվականի հայտարարագրի՝ դրանք են՝ ՀՀ ԱԺ, ԵՊՀ եւ Սահմանադրական մշակույթ միջազգային վերլուծական կենտրոն հիմնադրամ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

Պատգամավոր Արթուր Գիրգորյանը մինչ ընտրվելը զբաղեցրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը, իսկ մինչ այդ` «Մուլտի գրուպ» կոնցեռնի ներքին վերահսկողության ծառայության պետ: Ըստ հայտարարագրի՝ մինչ պաշտոնավարելը՝ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 120 հազար ՀՀ դրամ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում` 628 հազար ՀՀ դրամ: Արդեն պատգամավոր ընտրվելուց հետո` 783 հազար ՀՀ դրամ:

Հրանտ Մադաթյանը պատգամավոր է 2017 թվականից: Մինչ պաշտոնը ստանձնելը՝ նա հայտարարագրել է 460 հազար ՀՀ դրամ շահաբաժին: Պատգամավոր ընտրվելուց հետո Մադաթյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են` 2017-ին` 620 հազար ՀՀ դրամ, 2018-ին` 596 հազար ՀՀ դրամ եւ 2019-ին` 749 հազար ՀՀ դրամ:

Շաքե Իսայանը, մինչ պատգամավոր ընտրվելը, 2015-2017թթ. եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի տեղակալ, եւ ներկայացված հայտարարագրից կարելի է ենթադրել, որ ստացել է ամսական 113 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պատգամավոր ընտրվելուց հետո` 2019 թվականին՝ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 761 հազար ՀՀ դրամ:

Նորա Առուստամյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի օգնականը: Պատգամավորի օգնականի պաշտոնային դրույքաչափը առանց հարկերի 146 հազար ՀՀ դրամ է: Պատգամավոր ընտրվելուց հետո Առուստամյանի աշխատավարձը եղել է` 2017-ին` 649 հազար ՀՀ դրամ, 2018-ին` 515 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 751 հազար ՀՀ դրամ:

Վարդեւան Գրիգորյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության տեսության եւ մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր: Ըստ հայտարարագրի` Գրիգորյանի աշխատավարձը եղել է 227 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո` 2017-ին` 656 հազար ՀՀ դրամ, 2018-ին՝ 675 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 757 հազար ՀՀ դրամ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության

Պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը մինչ պատգամավոր ընտրվելը չի աշխատել: 2014-2016 թվականներին եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ, որից հետո մինչ պաշտոնը ստանձնելը չի աշխատել: Պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ից եւ աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են  788 հազար ՀՀ դրամ:


Պատգամավորներ, որոնց աշխատավարձը նվազել է

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվել 2018թ. դեկտեմբերի 9-ին, պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ պատգամավոր դառնալը՝ զբաղեցրել է ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարարի պաշտոնը: Քանի որ Հովհաննես Հովհաննիսյանը մշտապես աշխատավարձ է ստացել մի քանի աղբյուրներից՝ դիտարկենք ընդհանուր աշխատավարձից եւ դրան հավասարեցված այլ վճարումներից գոյացած եկամուտները: Մինչ պաշտոնավարումը 3 աղբյուրներից ստացված նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 1 մլն 359 հազար ՀՀ դրամ: ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարարի պաշտոնում՝ դարձյալ երեք աղբյուրներից՝ 1 մլն 343 հազար ՀՀ դրամ: Պատգամավորական գործունեության ժամանակ նրա աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների աղբյուրները մնացել են 3-ը, աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները այդ ընթացքում կազմել են 1 մլն 230 հազար ՀՀ դրամ: Ըստ 2019 թվականի տարեկան հայտարարագրի՝ Հովհաննիսյանի վարձատրության երեք աղբյուրներն են՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երեւանի պետական համալսարանը եւ Ազգային ժողովից ստացված վարձատրությունները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը  2015-2018 թվականներին եղել է  ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, 2018-2019 թվականներին՝ ՀՀ ԿԲ նախագահի խորհրդական: Աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մինչեւ պատգամավոր դառնալը եղել են` 2016 թվականին` 1 մլն 585 հազար ՀՀ դրամ, 2017-ին՝ 1 մլն 839 հազար ՀՀ դրամ, 2018-ին` 1 մլն 413 հազար ՀՀ դրամ: Արդեն պատգամավոր ընտրվելուց հետո` 851 հազար ՀՀ դրամ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ այդ զբաղեցրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ դրանից առաջ` 2016-2018 թվականներին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բովանդակային մասի պատասխանատու, խմբագիր: Ըստ հայտարարագրի` մինչ պաշտոնավարելը՝ նրա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 826 հազար ՀՀ դրամ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում՝ 861 հազար ՀՀ դրամ: Պատգամավորական գործունեության ժամանակ՝ 773 հազար ՀՀ դրամ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը պատգամավորի մանդատ ունի 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ այդ՝ Փամբուխչյանը զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի, ապա առաջին տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ եղել է «Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ խնդրահարույց հաճախորդների հետ աշխատանքի վարչության պետ: Ըստ հայտարարագրի՝ մինչեւ պաշտոնավարելը Փամբուխչյանի մեկ ամսվա աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարները կազմել են 759 հազար ՀՀ դրամ, նախարարի տեղակալ դառնալուց հետո՝ ամսական 618 հազար ՀՀ դրամ: ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետ՝ ամսական 775 հազար ՀՀ դրամ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը պատգամավոր է 2019 թվականի հունվարի 14-ից: Մինչ այդ՝ Խաչատրյանը զբաղեցրել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը։ Ըստ հայտարարագրի՝ նրա ամսական աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մինչ պաշտոնավարելը կազմել են 816 հազար ՀՀ դրամ, պատգամավոր դառնալուց հետո՝ 2019 թվականին՝ 783 հազար ՀՀ դրամ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը մինչ պաշտոնավարելը եղել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ մարդկային ռեսուրսների վարչության պետ: Պետրոսյանի աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մշտապես եղել են երկու աղբյուրից: Ըստ հայտարարագրի` մինչ պատգամավոր ընտրվելը ստացել է 993 հազար ՀՀ դրամ աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումներ: Պատգամավոր ընտրվելուց հետո` 2018-ին` 712 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 796 հազար ՀՀ դրամ: Ըստ 2019 թվականի տարեկան հայտարարագրի՝ Պետրոսյանի եկամտի աղբյուրները եղել են Ազգային ժողովը եւ Երեւանի պետական համալսարանը: 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը մինչ պատգամավոր դառնալը եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն, ինչպես նաեւ՝ «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ, «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն: Ըստ հայտարարագրի` աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները մինչ պաշտոնավարելը կազմել են 812 հազար ՀՀ դրամ: Պատգամավոր ընտրվելուց հետո` 2018-ին` 585 հազար ՀՀ դրամ, 2019-ին` 741 հազար ՀՀ դրամ:

Ուսումնասիրության այս փուլում դիտարկել ենք 37 պատգամավորների, որոնց ներկայացրած հայտարարագրերից հնարավոր էր հաշվել մինչ պաշտոնավարումը ստացած աշխատավարձի չափը: 38 պատգամավորներից միայն 7-ի մոտ է, որ պատգամավոր ընտրվելուց հետո աշխատավարձի աճ չի եղել կամ եղել է, բայց ոչ զգալի: 

Այսպիսով՝ դիտարկելով պատգամավորների ներկայացրած հայտարարագրերը՝ կարելի է եզրակացնել, որ Ալեն Սիմոնյանի հնչեցրած պնդումները, թե մարդիկ չեն ուզում գալ, դառնալ պատգամավոր, քանի որ աշխատավարձը ցածր է, միանշանակ չէ, քանի որ պատգամավորների զգալի մասը մինչ պաշտոնավարելը վարձատրվել են ավելի քիչ, քան պաշտոնավարումից հետո: Բացի այդ՝ պատգամավորի աշխատավարձի դրույքաչափը բաց տվյալ է, ըստ այդմ՝ այն հասանելի է եղել նաեւ պատգամավորի թեկնածուներին, եւ նրանք կարող էին տեղյակ լինել՝ որքան աշխատավարձ են ստանալու։ 

Առաջիկայում կանդրադառնանք նաեւ այն պատգամավորներին, որոնք ներկայացված չէին այս շարքում:

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել