Ոսկին, հողը և պաշտոնը. համայնքի բյուջե չի մուտքագրվել 309 մլն դրամ |hetq.am|
10:47 - 21 օգոստոսի, 2020

Ոսկին, հողը և պաշտոնը. համայնքի բյուջե չի մուտքագրվել 309 մլն դրամ |hetq.am|

hetq.am: Լոռու մարզի Արմանիսի ոսկի-բազմամետաղների չգործող հանքավայրի տարածքից ներքև՝ Խորհրդային Միության տարիներից պահպանված հանքախորշից Չքնաղ գետ թափվող հանքաջրերից կատարվել են նմուշառումներ։ Լաբորատոր ուսումնասիրությամբ հայտնաբերվել է ջրի միջավայրի (pH), լուծված թթվածնի, նիտրիտի, սուլֆատի, կալցիումի, մագնեզիումի, երկաթի չափաքանակների գերազանցում։

Այս մասին, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, որն իրականացրել էր տեղանքի զննում և նմուշառում։ Թե որքանով են գերազանցվել սահմանված թույլատրելի չափաքանակները, տեսչական մարմինը տեղեկություններ չի տրամադրել, չնայած խնդրել էինք պատասխանին կցել նմուշառման հետազոտությունների արդյունքները։

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներկայում իրականացվում են ուսումնասիրություններ և այլ նախապատրաստական աշխատանքներ «Սագամար» ՓԲԸ-ում անհրաժեշտության դեպքում ստուգում իրականացնելու նպատակով»,- հայտնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Գնել Հասրաթյանը։

 

 

Ավելի քան մեկ ամիս է անցել Ձորագետի Չքնաղ վտակ թափոնաջրեր լցվելու ահազանգից, դեռևս պարզ չէ, թե որտեղից է սկիզբ առնում այդ ջրահոսքը։ Մեր հարցին, թե պարզվել է՝ ինչի հետևանքով է Խորհրդային Միության տարիներին օգտագործված հորատանցքից պարբերաբար ջրերի արտահոսք տեղի ունենում, Գնել Հասրաթյանը պատասխանել է, որ ջրի արտահոսքի պատճառների վերաբերյալ որոշակի տեղեկատվություն կստանան վերահսկողական աշխատանքների ամփոփումից հետո։ Թե ինչ վերահսկողական աշխատանքներ են իրականացնում, Գնել Հասրաթյանը չի մանրամասնել։

Տեսչական մարմինը «Սագամար» ՓԲԸ-ում 2017թ․-ից ստուգում չի իրականացրել։ Մինչդեռ Ստեփանավանի համայնքի ղեկավարը, մեր գրությանն ի պատասխան, հայտնել է, որ «Սագամար» ՓԲԸ-ի կողմից տարիներ շարունակ աղտոտվել է Ձորագետը։ 2018 և 2019թթ․ հարուցվել են քրեական գործեր, որոնց կցվել են նաև սատկած ձկնատեսակներ և լուսանկարներ, ինչպես նաև կատարվել է ջրի փորձաքննություն, որով պարզվել է, որ ջրում առկա են ծանր մետաղներ, ինչի հետևանքով էլ սատկել են ձկները։

satellite-small.jpg (1.12 MB)

«Սագամար» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Չոբանյանը մեզ հետ զրույցում պնդում է, որ ընկերության շահագործած հանքավայրում արդյունահանում չի իրականացվում 2014 թվականի վերջից, որովհետև պաշարները չեն արդարացրել հանքարդյունահանողների սպասումները։ Հետևաբար, ընկերությունն առնչություն չունի Խորհրդային Միության տարիների հանքախորշից հոսող թափոնաջրերի կամ սատկած ձկների հետ։ Հանքախորշը, որտեղից դուրս են գալիս ջրերը, եղել է «Սագամարից» շատ առաջ։ Ավելին, որևէ թափոն չի կարող լինել հանքի պոչամբարից, որն այլ տարածքում է, չի խաչվում խորհրդային տարիների հանքախորշից դուրս եկող ջրերի հետ և գործելու տարիներին աշխատել է փակ շրջանառու համակարգով։

Ընկերության գլխավոր տեխնոլոգ Հրաչ Գաբրիելյանն էլ հավաստիացնում է, որ իրենք մշտապես գետի տարբեր հատվածներից մոնիտորինգ են իրականացնում և ծանր մետաղներ չեն հայտնաբերվել: Ավելին, տեսչական մարմնի հետ համատեղ են նմուշառումներ իրականացրել և  հաստատվել է, որ Չքնաղ գետը խմելու ջրի մաքրություն ունի: 

Սամվել Չոբանյանն ասում է, որ հուլիսի 8-ին թափոնաջրերի վերաբերյալ Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանի ահազանգը և դրանից առաջ ձկների սատկելու պատմությունները կազմակերպվում է բացառապես համայնքի ղեկավարի կողմից, քանի որ ընկերության և համայնքի ղեկավարի միջև լուռ հակամարտություն է ընթանում․ համայնքի ղեկավարն անձնական հաշիվներ ունի ընկերության հետ Արմանիսի հողերի շուրջ։

Ի՞նչ չեն կիսում հանքարդյունահանողներն ու համայնքի ղեկավարը

Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը 2019թ․ 3 անգամ դիմել է դատարան՝ ընդդեմ «Սագամար» ՓԲԸ-ի պատճառված վնասները հատուցելու և իր հողամասի նախկին վիճակը վերականգնելու պահանջներով։ Ղարաքեշիշյանը խնդրել է «Սագամար» ՓԲԸ-ից իր օգտին բռնագանձել 45 մլն դրամ որպես պատճառված վնասի հատուցում, ինչպես նաև պարտավորեցնել «Սագամար»-ին ընդերքօգտագործման թափոններից ազատել և վերականգնել իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Ստեփանավան քաղաքի 51-րդ թաղամասում գտնվող 0,94 հա ընդհանուր մակերեսով ընդերքօգտագործման նշանակության հողամասի, 4.5209 հա ընդհանուր մակերեսով և 2.771 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերի նախկին վիճակը: Մ․Ղարաքեշիշյանի հայցերը դատարանը վերադարձրել է տարբեր պատճառներով և այդպես էլ վարույթ չի ընդունել։

 

Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, համաձայն մարզպետարանի կայքում ներկայացված կենսագրության, 1993-1998թթ․ եղել է «Հայմարմարգրանիտի» Ստեփանավանի տեղամասի պետը: Դրանից հետո՝ 1998-2012թթ․, Լոռու մարզի մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության տնօրենն է եղել: 2012թ․ նոյեմբերին ընտրվել է Ստեփանավան համայնքի ղեկավար և պաշտոնավարում է մինչ օրս։

«Հայմարմարգրանիտ»-ի Ստեփանավանի մասնաճյուղի մեջ մտել է Ստեփանավանի քարի արտադրամասը և Արմանիսի 8 հա տարածքը։ Ընկերության վերաձևավորումից հետո՝ «Հայմարմարգրանիտ»-ի հիման վրա ստեղծվել է «Ալմաքար» ՓԲԸ-ն, որում Մ․ Ղարաքեշիշյանը բաժնեմաս է ունեցել։ Վերջինս վստահեցնում է, որ քարի արտադրամասը ձեռք է բերել իր բաժնեմասի միջոցներով, իսկ Արմանիսի հողերը վարձակալել է, ապա դիմել է համայնքապետարան վարձակալած հողերը աճուրդով ձեռք բերելու համար։ 2010թ․-ին նա աճուրդով ձեռք է բերել նշված հողերը (այդ ժամանակ Ստեփանավանի քաղաքապետը նրա եղբայրն էր` Սարգիս Ղարաքեշիշյանը)։

 

 

«1993թ․-ին ես գործունեություն եմ ծավալել նշված տարածքներում և այդ ժամանակ չի եղել որևէ արտադրական ձեռնարկություն՝ «Սագամար» ՓԲԸ-ն ստեղծվել է միայն 2005թ․-ին։ Իսկ իմ նպատակը եղել է նշված տարածքից քարի արտահանումը,- մեր հարցերին ի պատասխան նշել է Մ․ Ղարաքեշիշյանը։ «Սագամար» ՓԲԸ-ն 2013թ․-ից սկսած՝ ապօրինի օգտագործել է համայնքային սեփականություն հանդիսացող հողերը, ֆիզիկական անձանց պատկանող հողերը, այդ թվում նաև ինձ պատկանող հողերը։ Տարբեր տնօրենների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ խնդիրները օրենքի սահմաններում լուծելու վերաբերյալ, սակայն տնօրենները հաճախակի փոխվել են, որի պատճառով բանակցությունները սկսվել են 0-ից։ Վերջին հնարավորությունը մնում էր դատարան դիմելը»։

Ընկերության տնօրենը պնդում է, որ Մ․ Ղարաքեշիշյանը փորձել է իրեն պատկանող հողերն իր նախընտրած՝ թանկ գնով վաճառել ընկերությանը, սակայն «Սագամարը» չի համաձայնել։ Այդտեղից էլ առաջացել են տարաձայնությունները։

Ստեփանավանի համայնքապետն էլ պնդում է, որ «Սագամար» ՓԲԸ-ն ապօրինի օգտագործում է Ստեփանավանի համայնքային սեփականության հողեր, ֆիզիկական անձանց պատկանող հողեր, այդ թվում՝ իրեն պատկանող 8 հա հողը։

satellite-small.jpg (1.12 MB)

Եթե 309 մլն դրամը մտներ Արմանիս համայնքի բյուջե

Ստեփանավանի համայնքապետը մեզ տրամադրել է «Սագամար» ՓԲԸ-ի հետ իր ունեցած նամակագրությունը՝ սկսած 2014 թվականից, ինչպես նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված նամակը։ Այդպիսով, նամակագրությունից պարզ է դառնում, որ հանքարդյունահանող կազմակերպությունը մեծ ջանքեր չի ներդրել իր օգտագործած հողերի կատեգորիաների փոփոխության և դրանց նպատակային նշանակության հարցը լուծելու գործում։

2015թ․ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի երկարացման մասին հրամանի համաձայն՝ «Սագամար» ՓԲ ընկերությանը տրված լեռնահատկացման ակտով, 2015-2049թթ. գործողության ժամկետով, տրամադրվել է 278,6 հա լեռնահատկացման տարածք:

Ընկերությունը սեփականության իրավունքով տնօրինում է 115 հա, որից 40 հա-ն՝ ընդերքօգտագործման համար օգտագործվող հողն է։ Եվ այդ տարածքից միայն 6 հա-ն է նպատակային նշանակությամբ ընդերքօգտագործման, իսկ մնացածը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, որն ընկերությունն օգտագործել է ընդերքօգտագործման նպատակով, սակայն չի փոփոխել նպատակային նշանակությունը և չի վճարել համապատասխան կադաստրային արժեքի տարբերությունները։

Այդպիսով, Ս․Ղարաքեշիշյանը Սուրեն Պապիկյանին հայտնել է, որ «Սագամար» ՓԲԸ-ի օգտագործած գյուղատնտեսական նշանակության հողամասերը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, ընդերքօգտագործման գործառնական նշանակության փոխադրելու դեպքում առաջացած կադաստրային արժեքների տարբերությունը կկազմեր՝

  • 4-րդ կարգի վարելահողի համար՝ 28,7 հա՝ 23,5 մլն դրամ
  • 2-րդ կարգի խոտհարքի համար՝ 22,5 հա՝ 25,7 մլն դրամ
  • 4-րդ կարգի արոտի համար՝ 26,5 հա՝ 12,2 մլն դրամ։
  • Գյուղնշանակության հողերի կադաստրային ընդհանուր արժեքը կկազմի 61,4 մլն դրամ։
  • Ընդերքօգտագործման 77,7 հա հողերի դեպքում կադաստրային արժեքը կկազմի 265,6 մլն դրամ։
  • Կադաստրային արժեքների տարբերությունը կկազմի 204,3 մլն դրամ։

Հողամասերի գործառնական նշանակությունը փոխելուց հետո համայնքի կողմից վարձակալության տրամադրելու դեպքում 1 հա-ի վարձավճարը կկազմի 62100 դրամ, իսկ տարեկան վարձավճարը՝ 128 հա-ի համար կլինի շուրջ 8 մլն դրամ։

««Սագամար» ՓԲԸ-ի կողմից օգտագործվող գյուղատնտեսական նշանակության 6,4 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխվել է՝ դառնալով արդյունաբերության հող։ Վերը նշված 6,4 հողամասի 2,7 հա-ն ընկերության արտադրական հրապարակի օբյեկտների տակ գտնվող տարածքն է, իսկ 3,7 հա-ն՝ հարստացուցիչ ֆաբրիկայի շրջակայքում գտնվող հողերը։ Ֆաբրիկայի շրջակայքում գտնվող հողերի նկատմամբ ընկերությունը կատարել է իր պարտավորությունները, իսկ արտադրական հրապարակի 18 հատ վարչական շենքերը դեռևս պետական գրանցում չեն ստացել։ Այդ շենքերի ընդհանուր արտաքին մակերեսները՝ պարիսպների և հենապատերի հետ միասին, կազմում են 7700 քմ»,- Սուրեն Պապիկյանին ներկայացրել է համայնքապետը։

2019թ․ նոյեմբերին Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Արմանիսի հողերի ոչ նպատակային նշանակության օգտագործման վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։ Քննությամբ պարզվել է, որ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանում են 90 հա մակերեսով հողամասեր, որից 76,4 հա՝ գյուղատնտեսական նշանակության և միայն 13,5 հա՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության: Մինչդեռ «Սագամար»-ն ընդերքօգտագործման նպատակով օգտագործում է շուրջ 128 հա հողատարածք, որից միայն 77.6 հեկտարն է կազմում իր սեփականությունը: Մնացած մասով ապօրինի օգտագործվում է համայնքային (41.6 հա) և քաղաքացիների (8.74 հա) սեփականության հողամասերից:

Ընդերքի մասին և Հողային օրենսգրքերով սահմանված պահանջներով՝ ընկերությունը չէր կարող իրեն սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերն օգտագործել ընդերքօգտագործման նպատակով՝ առանց դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու։

Արդյունքում ընկերության կողմից համայնքային բյուջե չի վճարվել սեփականության իրավունքով իրեն պատկանող 76,4 հա ընդհանուր մակերեսով հողամասերի նպատակային նշանակության փոփոխման դեպքում կադաստրային արժեքների՝ փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է շուրջ 299 մլն դրամ:

Բացի այդ, ընդերքօգտագործման նպատակով օգտագործվող հողատարածքների նպատակային նշանակությունն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փոխադրվելու դեպքում դրանց վարձավճարները 2016-2018թթ. համար կարող էին կազմել մոտ 7.8 մլն դրամ, իսկ հողի հարկը՝ մոտ 2.6 մլն դրամ։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել