«Դեռևս առիթ կունենանք թեկնածուին լսելու ԱԺ նիստերի դահլիճում»․ Լիլիթ Մակունցը՝ Էդգար Շաթիրյանի մասին |pastinfo.am|
16:53 - 22 օգոստոսի, 2020

«Դեռևս առիթ կունենանք թեկնածուին լսելու ԱԺ նիստերի դահլիճում»․ Լիլիթ Մակունցը՝ Էդգար Շաթիրյանի մասին |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցությունը հանդիպեց ՍԴ դատավորի հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Էդգար Շաթիրյանը դեռևս կառավարության թեկնածուն չէ։

«Պարոն Շաթիրյանին նախկինում առիթ ունեցել ենք առանձին հարցեր ուղղելու, կրկնվող հարցեր չենք ունեցել, քանի որ պարոն Շաթիրյանի տեսակետը մեզ հայտնի է եղել։ Հնչեցրել ենք հարցեր, որոնք առնչվում են արդեն նոր կառույցի հնարավոր կարգավիճակին։

Որպես հնարավոր թեկնածու մեզ բոլոր հուզող հարցերը ուղղել ենք։ Ինչ վերաբերում է թեկնածությունը պաշտոնապես ներկայացնելուն, ապա դեռևս առիթ կունենանք թեկնածուին լսելու ԱԺ նիստերի դահլիճում, այնուհետև գաղտնի քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք»։

Մակունցը տեղեկացրեց, որ եթե լրացուցիչ հանդիպելու անհրաժեշտություն առաջանա, ապա խմբակցությունը այդ մասին կտեղեկացնի։ Իսկ քննարկմանը տիրող տրամադրությունների մասին չխոսեց։

«Տարբեր հարցերի շուրջ ենք քննարկում ունեցել՝ այդ թվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամից հրաժարվելու հետ կապված իր որոշմանը։ Կարծում եմ, եթե պարոն Շաթիրյանը կառավարության կողմից առաջադրվի, ապա առիթ կունենա այդ մասին հրապարակային հնչեցնելու»։

Անդրադառնալով կառավարության ներկայացրած նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի՝իր համաձայնությունը հետ վերցնելուն, Մակունցը նշեց, որ ինքն այլ կերպ է ընկալել պարոն Ավետիսյանի դիրքորոշումը։

«Կարծում եմ պարոն Ավետիսյանի մոտ որոշ տպավորություններ ձևավորվել են առանձին պատգամավորների սուր հարցադրումներից։ Մեր բոլոր հանդիպումներում, տարբեր թեկնածուների հետ մշտապես հնչում են սուր հարցեր, ու դրանցով պայմանավորված տպավորությունները ոչ միշտ է, որ համընկնում են իրականությանը։ Ես կարծում եմ՝ որևէ մեկը մեզանից չի կարող իմանալ, թե որևէ թեկնածու քանի քվե կստանա, որոշում չի կայացվում այդ մասով»։

Լիլիթ Մակունցը նաև անդրադարձավ դատարանների միավորման մասին քննարկումներին։

«Գիտենք որ սահմանադրական փոփոխությունները քննարկվում են, հնչում են տարբեր տեսակետներ՝ նաև բավականին տրամաբանական մոտեցումներ, այդ թվում Վճռաբեկ դատարանի կրկնվող գործառույթների և տեղ- տեղ ՍԴ-ին հակասող գործողությունների վերաբերյալ։

Տրամաբանական է, որ այդ հարցերը քննարկվում են։ Աշխատանքային խմբի դիրքորոշումը քննարկումից հետո պարզ կլինի, խմբակցությունն էլ կարծիքը կհայտնի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել