Մեկնարկել է Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը
19:48 - 23 օգոստոսի, 2020

Մեկնարկել է Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, աշխարհում COVID-19 համավարակով պայմանավորված, այս տարի Համահայկական կրթական երկամյա խորհրդաժողովը կազմակերպել է առցանց՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ համատեղ։ «Հայաստան–սփյուռք համագործակցությունը COVID-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը եռօրյա է:

Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀԲԸՄ Հայկական համացանցային համալսարանի հիմնադիր նախագահ Երուանդ Զօրեանը, Արցախի Հանրապետության նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն» հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսեանը: Խորհրդաժողովի բացման նիստը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Իր ելույթում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է.

«Համահայկական կրթական աշխատաժողովն այս տարի անցկացվում է առցանց ձևաչափով, և անգամ այս պայմաններում այն համախմբեց բոլորիս՝ քննարկելու համընդհանուր խնդիրները և ներկայացնելու նոր գաղափարներ: Ներկայում մշակվում է ՀՀ կրթության առաջիկա տարիների զարգացման ռազմավարությունը և գործողությունների քարտեզը մինչև 2025 թվականը: Առաջին անգամ Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությունը և սփյուռքի նկատմամբ մեր երկրի պարտավորություններից բխող գործողությունները ներկայացվում են այս ռազմավարական փաստաթղթում: Նախագծում, մասնավորապես, տեղ են գտել համահայկական վիրտուալ ցանցային կենտրոնի ստեղծման, սփյուռքահայ ուսուցիչների առկա և հեռավար վերապատրաստումների կազմակերպման, նրանց դերի բարձրացմանն ուղղված խրախուսման մեխանիզմների ստեղծման, հայերենի իմացության մակարդակների բնութագրիչների հաստատման հանձնառությունները: Առաձնահատուկ ուշադրություն է դարձվում հայկական կրթական ծառայությունների միջազգայնացմանը և վարկանիշի բարձրացմանը»:

Նախարարի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության հետևողական աշխատանքի արդյունքում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում կազմակերպվում է հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդում, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների իրականացում: Ներկայումս ծրագիրն իրականացվում է 8 պետության 10 կենտրոնում:

«Հետամուտ ենք լինելու նաև օտարերկրյա պետություններում հայկական բաղադրիչով միջազգային հանրակրթական դպրոցների ցանցի ձևավորմանը, մուլտիմեդիա ձևաչափով հայրենագիտական ճանաչողական և տեղեկատվական նյութերի արտադրությանը և տարածմանը: Վերջին տարիներին նկատվում է ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող սփյուռքահայ ուսանողների թվաքանակի աճ: Սյս տարի նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որը կդյուրացնի սփյուռքահայ դիմորդների ընդունելության գործընթացը ՀՀ ուսումնական հաստատություններ»,-նշել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ 2020 թվականին նախատեսվում է ստեղծել սփյուռքի կրթօջախների տվյալների բազայի կառավարման էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի ստանալ սփյուռքի կրթօջախների կարիքների և հնարավորությունների մասին բովանդակային տեղեկություն, որի գնահատման և վերլուծության արդյունքում կմշակվեն միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում դրանց լուծմանն ուղված հստակ գործողություններ: Նման համակարգի ստեղծմամբ կքարտեզագրվեն նաև սփյուռքի հնարավորությունները:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ կրթությունը հայապահպանման առաջին գիծն է, և այդ առումով անգնահատելի է այն աշխատանքը, որ իրականացնում են սփյուռքի կրթօջախները: Այդ համատեքստում նա կարևորել է ԿԳՄՍ նախարարության և սփյուռքի կրթօջախների միջև սերտ ու շարունակական համագործակցությունը:

Աշխատաժողովների հիմնական նպատակն է՝ քննարկել հեռավար ուսուցման կազմակերպման խնդիրներն ու հնարավորությունները, կիսվել Հայաստանում և սփյուռքում հաջողված հեռավար ուսուցման ծրագրերի իրականացման փորձով, մատնանշել սփյուռքի կրթօջախների կարողությունների զարգացման հեռանկարները:

Աշխատաժողովին գրանցվել են 1000-ից ավելի մասնակիցներ՝ կրթագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասագրքերի հեղինակներ, հայագետներ, սփյուռքի կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ, Հայաստանի և Արցախի ուսուցիչներ, հեռավար ուսուցման կազմակերպման մասնագետներ:
Եռօրյա աշխատաժողովներն ընթանալու են հետևյալ թեմատիկ ուղղություններով․

1. Հեռավար ուսուցման դերն ու նշանակությունը սփյուռքում ազգային կրթության և դաստիարակության գործում.
2. Սփյուռքի հետ համագործակցության հնարավորությունները և զարգացման հեռանկարները.
3. Սփյուռքի կրթօջախների կարողությունների հզորացմանն ուղղված փոխհամագործակցության ծրագրեր՝ կառուցակարգեր և բովանդակություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել