Տարածքներ կորցնողը չի կարող խոսել հաղթանակի մասին. Սամվել Բաբայանն արձագանքում է Սարգսյանին |azatutyun.am|
15:41 - 24 օգոստոսի, 2020

Տարածքներ կորցնողը չի կարող խոսել հաղթանակի մասին. Սամվել Բաբայանն արձագանքում է Սարգսյանին |azatutyun.am|

azatutyun.am: Սերժ Սարգսյանը օրերս կայացած ասուլիսին հայտարարել է, թե թերացումներ եղել են, բայց քառօրյա պատերազմը հաղթանակ է համարել։

«Տարածքներ կորցնողը չի կարող խոսել հաղթանակի մասին»,- Սերժ Սարգսյանին արձագանքում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, ով Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն է:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Սամվել Բաբայան. - Ընդհանրապես ես և այն ժամանակ, և հիմա պնդում եմ, որ դա պատերազմ չի եղել, դա եղել է դիվերսիոն գործողություն, սա առաջինը շեշտենք, որ պարզ լինի: Երկրորդը` փաստը նա է, որ ինչքան էլ ուզում ենք ասել, որ հաղթել ենք, թե ինչ ենք արել, մենք տարածք ենք կորցրել, իսկ տարածք կորցնողը չի կարող խոսել հաղթանակի մասին: Այն ամբողջը, որ ներկայացնում են, որ մեր ուժերը կարողացան կանգնեցնել հակառակորդի մեծ պատերազմը, իրականության հետ չի համապատասխանում, դա ուղղակի բառախաղեր են, որ անում են ու փորձում դրանով արդարանալ: Փաստը նա է, որ այո, այդ 21 դիրքը իրոք կորցրել են, դա փաստ է, և տարածքներ ենք կորցրել: Դանով եթե կհամարեք, որ դա հաղթանակ է, թող համարեն, ովքեր այդ ձև են մտածում:

«Ազատություն». - Նախկին նախագահն ասում էր, թե կորցրած դիրքը կամ տարածքը ռազմական առումով որևէ կարևորություն չի ունեցել: Դուք ի՞նչ կարծիքի եք: Դո՞ւք էլ եք կարծում, որ այդքան էլ կարևոր չի եղել այդ, ինչպես ինքն է ասում, 800 հեկտարը կամ այդ դիրքը` Լալա Թեփեն:

Սամվել Բաբայան. - Նույն Լալա Թեփեն ամբողջ Ջաբրայիլի տարածքը հսկում է, միակ բարձունքն է, որտեղից ամբողջ տարածքը կարում ես պարզ տեսնել և խոցել բոլոր հնարավոր և անհնարինը: Եթե դա համարենք, որ ինքը որևիցե կարևորություն չունի, ապա ի՞նչն ունի կարևորություն. ուրեմն այդ մարդիկ կա՛մ բանակից շատ հեռու են, պատերազմը չեն հասկանում, կա՛մ էլ ուղղակի գիտակցում են, բայց իրենց պետք է այդպես ձևակերպել: Սա՝ առաջինը: Երկրորդը` ինչ վերաբերում է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի բարձունքին, մենակ էդ բարձունքը, այդ տարածքները ազատագրելուց, կներեք, հինգերորդ բրիգադը, որն այդ ուղղությամբ աշխատել է, մոտ 600-700 զոհ ունի տված: Ի՞նչ է` մենք այդ զոհերը տվել ենք, որ այդ դիրքերը մեզ համար կարևոր չե՞ն, թե՞ ոնց: Ուղղակի այդ մարդիկ պատմությունը թող հետ գնան, վերհիշեն ու հասկանան, որ նման արտահայտություններ պետք չի անել:

Բոլոր դիրքերն էլ կարևոր են եղել, այդ բարձունքներից մենք հսկում էինք այդ տարածքները, մինչև Նաֆթալան հսկվում էր այդ տարածքը, և ամբողջը խոցելի էր մեզ համար: Հիմա ճիշտ հակառակը` իրենց այդ բարձունքին նստելով՝ և՛ Թալիշ գյուղը, և՛ Մատաղիսը, և՛ ինչու ոչ Մարտակերտը, այդ տարածքներն ամբողջն իրենք կարան խոցեն: Այնպես որ նման հարցադրումն ուղղակի խոսում է նրա մասին, որ այդ մարդիկ պատերազմը վերագրել են իրենց, որ հաղթանակ են տարել, որ որևիցե կապ չունեն դրա հետ, այդ պատերազմի հետ: Ցավում եմ, բայց ի՞նչ անենք` այդ մարդկանց մտածելակերպն էլ այդքան է, պահի տակ իրենց արդարացնում են:

«Ազատություն». - Հիմա մյուս խնդիրը, որը վերաբերում է հետախուզությանը: Նախկին նախագահը ընդունում է, որ ադրբեջանցիները անակնկալ են մատուցել, որ հետախուզությունը չի կարողացել կանխատեսել ժամանակին այդ գործողությունը, բայց ասում է՝ նույնիսկ աշխարհի ամենահզոր հետախուզական ծառայություններն են սխալվում, մենք էլ սխալվել ենք այդտեղ: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է կատարվել, իսկապես, կարո՞ղ էր հետախուզությունը կանխատեսել այդ հարձակումը:

Սամվել Բաբայան. - Էստեղ խնդիրը ավելի շատ, նորից եմ ասում՝ եղել է դիվերսիոն գործողություն, դա չի կարա հետախուզությունը ամբողջը կանխարգելել և իմանալ, բայց երբ որ էդ ամենի մասին տեղյակ էին և իսկ ըստ հրամանի պետք է անմիջապես անցնեին համար 1 և ուժեղացնեին էդ դիրքերը, որը չեն արել շատ երկար ժամանակ, և ընդհանրապես էդ հինգ օրվա մեջ, կարելի է ասած, որ ընդհանրապես ուղեղը չի աշխատել, այսինքն՝ կառավարման կենտրոն չի եղել, մարդիկ չեն կարողացել որոշում կայացնեն և գործողությունները վերադարձնեն էդ տարածքները, որը հնարավոր էր և՛ էդ ժամանակ, և՛, ինչու ոչ, և ամեն մի րոպե, երբ որ ցանկանան: Բայց խնդիրը նա է, որ չեն կարողացել:

Ինչ վերաբերում է հետախուզությանը, էդ հետախուզությունը ինչքան էլ լավ աշխատի, եթե դիվերսիոն փոքր գործողություն է, դա չես կարա կանխարգելել և նախապես իմանալ: Ուղղակի դիրքերում կանգնած մարդիկ պետք է էնտեղ կարգուկանոնը բարձր լիներ, որ, ինչ նկատի ունեմ՝ եթե էդ դիրքերի մարդկանց, էդ զոհերը, որ ունեցել ենք, նայենք իրենք ինչով են զոհվել՝ փամփուշտով, արկերով, թե բեկորներով, թե ինչ-որ մի այլ բանով, էն ժամանակ մեր համար պարզ կլինի ես ինչ եմ ասում:

Ես կխնդրեի, որ նրանք, հանձնաժողովը ընդհանրապես սուդէքսպերտի էդ փաստաթղթերը մի հատ նայի՝ ինչքան դիրքերում դիակներ ենք թողել, հետո փոխանակել, էդ դիակները ինչով են զոհված, ընդհանրապես՝ գնդակով են զոհված, բեկորով են զոհված, թե ոչ: Եթե ոչ՝ ո՛չ առաջինն է, ո՛չ երկրորդն է, ապա պարզ է դառնում, որ անտարբեր լինելով դիրքերում՝ ունեցել ենք էդ կորուստները: Էդտեղ ոչ հետախուզության խնդիր է, ոչ էլ մյուս:

Ավելին՝ azatutyun.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել