Մեղրաձոր խոշորացված համայնքի բնակավարերում իրականացվող աշխատանքների որակը և ծավալը տեղում տեսնելու և եղած խնդիրներն ու առաջիկա ծրագրերը պատասխանատուների հետ քննարկելու նպատակով Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանն այսօր նաև Մեղրաձոր խոշորացված համայնքում էր:

Ա.Ավետիսյանն այցելել է Աղավնաձոր բնակավայր, որտեղ կառավարության սուբվենցիոն երկու ծրագրերով իրականացվում են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման և բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ:

Փոխմարզպետը շրջել է մանկապարտեզի տարածքում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

Կոտայքի մարզպետարանը նշում է, որ պետական բյուջեի աջակցությամբ Աղավնաձոր բնակավայրում մանկապարտեզի կապիտալ նորոգման աշխատանքները մեկնարկել էին դեռ նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

Արդեն այս տարվա սուբվենցիոն ծրագրով ընթանում են բակային հատվածի բարեկարգման աշխատանքներ:

Երկու ծրագրերի ընդհանուր բյուջեն ավելի քան 44 մլն դրամ է:

Նշվում է, որ Աղավնաձորում երկար տարիներ նախադպրոցական հաստատություն չի գործել, և բնակավայրի երեխաները ստիպված են եղել հաճախել հարևան համայնքների մանկապարտեզներ:

Ծրագրի իրականացման արդյունքում կապիտալ նորոգված և լուսավոր մանկապարտեզում գործելու է 2 խումբ՝ նախատեսված 60 երեխաների համար:

Անդրադառնանք Մեղրաձոր համայնքի միջնակարգ դպրոցին. մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզպետարանը Մեղրաձոր համայնքի միջնակարգ դպրոցին հատկացրել է 5 մլն դրամ՝ հանդիսությունների դահլիճի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով:

Շուտով աշխատանքները կմեկնարկեն:

Բացի նշված շինարարական ծրագրերից, այս տարի պետական բյուջեի աջակցությամբ ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկելու Մեղրաձոր համայնքում և Մարմարիկ բնակավայրում: