tert.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորրելը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորման գործի անկախ և թափանցիկ հետաքննություն անցկացնի, գրում է meduza.io կայքը։
«Եվրամիությունը վճռականորեն քննադատում է այն, ինչը կարծես մահափորձ էր պարոն Նավալնիի դեմ։ Չափազանց կարևոր է, որ ռուսական իշխանություններն առանց հապաղելու պարոն Նավալնիի թունավորման գործի անկախ ու թափանցիկ հետաքննություն սկսեն»,- ասվում է Բորրելի հայտարարության մեջ։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ ռուս ժողովուրդն ու միջազգային հանրությունը ցանկանում են Նավալնիի թունավորման մասին փաստեր իմանալ։
«Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Բորրելը։
Նշվում է, որ ավելի վաղ Նավալնիի թունավորման գործը հետաքննելու կոչ էր արել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Բեռլինյան հիվանդանոցի բժիշկները հաստատել են Ալեքսեյ Նավալնիի թունավորված լինելը։ Նշվում է, որ Նավալնին, որը բուժում է ստանում բեռլինյան Charite հիվանդանոցում, շարունակում է գտնվել արհեստական կոմայի մեջ: Նրա արյան մեջ թունավորման (ինտոքսիկացիա) հետքեր են հայտնաբերվել, չեն բացառվում հետևանքները նյարդային համակարգի վրա։
comment.count (0)