Այդ հիմնավորումները բավարար չեն, որպեսզի 25 տարվա ինստիտուտը փակենք ու նորը ստեղծենք |lragir.am|
15:19 - 25 օգոստոսի, 2020

Այդ հիմնավորումները բավարար չեն, որպեսզի 25 տարվա ինստիտուտը փակենք ու նորը ստեղծենք |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։

Պարոն Սիմոնյան, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում քննարկվում է ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը միավորելու հարցը: Ի՞նչ կարծիք ունեք Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ:

Առաջին անգամ այդ գաղափարը, եթե չեք մոռացել, մենք ենք հնչեցրել որպես տարբերակ, այսպես ասած, իշխանությունների կողմից առաջ քաշած սահմանադրական ճգնաժամի լուծման ուղիներից մեկը: Բայց մեր գործընկերները դա ներկայացնում են որպես դատական բարեփոխումների ամենակարևոր քայլերից մեկը: Այն հիմնավորումները, որոնք բերվում են հանձնաժողովի քննարկմանը, իմ կարծիքով, շատ կարևոր հիմնավորումներ են, բայց դրանք բավարար չեն, որպեսզի 25 տարվա ինստիտուտը փակենք ու նորը ստեղծենք կամ միաձուլենք մյուսի հետ:

Այն խնդիրները, որոնք ճշմարտացիորեն առաջ են քաշում մեր գործընկերները, այսօր այո, գոյություն ունեն, բայց այդ խնդիրները, իմ կարծիքով, կարող են լուծվել նաև այսօրվա ինստիտուտների շրջանակներում: Այսինքն ինստիտուտները կատարելագործելու միջոցով կարող ենք լուծել այդ խնդիրները:

Ես մեր գործընկերների հետ շատ եմ խոսել այդ թեմայով թե հանձնաժողովում, թե դրանից դուրս. Իմ կարծիքն այն էր, որ այդ հարցը մենք պետք է քննարկենք շատ ավելի ուշ, որովհետև առաջնային հարցը իշխանությունների տարանջատման և հակակշիռների, զսպումների համակարգն է: 2015-ի սահմանադրական փոփոխություններից այս կողմ այդ խնդիրը առաջնային է դարձել, և մենք դա դեռևս չենք լուծել:

Այդ խնդիրը լուծելուց հետո նոր մենք կանդրադառնայինք այս երկու դատական մարմինների հնարավոր միաձուլմանը: Բայց մեր գործընկերները շտապեցին, դա առաջնային հարց դարձրեցին և, իմ կարծիքով, հիմնավորումները բավարար չէին, որի համար էլ դեմ եմ քվեարկել: Ամեն դեպքում, հայեցակարգը հանրային քննարկման կդրվի հոկտեմբերին: Այդ հանրային քննարկման ժամանակ որոշակի մեխազնիմներ կքննարկվեն, թե որն է ավելի լավը կամ ավելի վատը և նոր միայն հանրության կարծիքը հաշվի առնելուց հետո վերջնական որոշում կլինի:

Այդ հանձնաժողովում կա միասնական մոտեցում՝ հրաժարվել կայուն մեծամասնության գաղափարից: Դուք կո՞ղմ եք դրան:

Այո, իհարկե: Դա առաջնային հարցերից մեկն է, որովհետև այդ կայուն մեծամասնության ինստիտուտը ժողովրդավարությանը լուրջ խոչնդոտ է հանդիսանում և թույլ չի տալիս, որ իրական ժողովրդավարություն տեղի ունենա, բոնուս է տալիս մի քաղաքական ուժի, որն առանց այդ էլ մեծամասնություն ունի: Այնքան ձայն, որքան նրան տալիս է ժողովուրդը, կայուն մեծամասնության ինստիտուտը դրան գումարում է որոշակի բոնուս, և ստացվում է, որ մի քաղաքական ուժ Ազգային ժողովում ավելի շատ ձայն ունի, քան ստացել է ժողովրդից:

Սա հավասարակշռելու տեսանկյունից բավականին լուրջ խնդիր էր և մենք դա պրակտիկայում էլ տեսանք, երբ ՀՀԿ-ն 2017-ի ընտրությունների արդյունքում ակնհայտ մեծ մեծամասնություն ձեռք բերեց բոնուս ստանալով, երբ 2018-ին մենք ունեցանք մի խորհրդարան, որտեղ մեկ քաղաքական ուժ ցանկացած հարցի լուծում է տալիս՝ անկախ մյուս քաղաքական ուժերի կարծիքը հարցնելուց:

Սա տարավ նրան, որ ամբողջ իշխանությունը կենտրոնացավ մեկ քաղաքական ուժի ձեռքում, ավելին՝ մեկ անձի ձեռքում: Սահմանադրական կարգավորումների իմաստն ընդհանրապես, թե համաշխարհային մակարդակով, թե գիտության մեջ, թե պրակտիկայում այն է, որ հսկի իշխնության կենտրոնացումը մեկ քաղաքական ուժի կամ մեկ անձի ձեռքում՝ անկախ նրանից՝ այդ ուժը լավն է, թե վատը:

Քննարկվում է նաև ընտրական տարիքը մինչև 16 տարեկան նվազեցնելու հարցը: Դուք այս հարցում ունե՞ք ձևավորված կարծիք, ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ քննարկելու այդ հարցը:

Ես կարծում եմ, որ քաղաքական հասունացման խնդիր կա: Անգամ 18 տարեկան երիտասարդների մոտ մենք այդ քաղաքական հասունությունը չունենք և կարիք չկա 16 տարեկան երեխաներին տալ նման իրավունք, որովհետև նրանք դեռևս իրենց ծնողների հսկողության տակ են գտնվում և ծնողների ազդեցությունը, այդ թվում քաղաքական գործընթացների նկատմամբ, բավականին մեծ է:

Ստացվելու է, որ 16 տարեկան երեխաներն ազատ կամքի արդյունքում չեն արտահայտելու իրենց քաղաքական կողմնորոշումը: Հետևաբար, ես վերապահումով եմ մոտենում այս խնդրին և համարում եմ, որ ժամանակավրեպ է այդ հարցի քննարկումն անգամ:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել