Կրեմլը դեռ անհրաժեշտություն չի տեսնում հետաքննելու Նավալնիի հետ կատարվածը |azatutyun.am|
17:17 - 25 օգոստոսի, 2020

Կրեմլը դեռ անհրաժեշտություն չի տեսնում հետաքննելու Նավալնիի հետ կատարվածը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է՝ դեռ հիմքեր չկան հետաքննելու Ալեքսեյ Նավալնիի հետ կատարվածը, քանի որ հստակ չէ, թե ինչ նյութով է նա թունավորվել։ Ընդդիմադիր գործչին թունավորելու համար Ռուսաստանի իշխանություններին մեղադրելը նա համարել է «դատարկ աղմուկ»։

«Մենք չենք հասկանում ինչի հիման վրա են գերմանացի մեր գործընկերները այդպես շտապում՝ օգտագործելով թունավորում բառը։ Այդ վարկածը առաջիններից մեկն էր, որ դիտարկել են մեր բժիշկները, բայց դեռ հաստատված չէ, թե դա ինչ նյութ է», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը, նշելով, որ եթե պարզվի Նավալնիի կոմայի մեջ ընկնելու պատճառը, ապա հնարավոր է դա առիթ կհանդիսանա հետաքննություն սկսելու համար։

Ավելի վաղ Գերմանիայի «Շարիտե» հիվանդանոցը հայտարարել էր, որ Նավալնին թունավորված է, ինչից հետո կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի իշխանություններին կոչ էր արել անհապաղ հետաքննություն սկսել։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խստորեն քննադատող Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ին՝ Տոմսկից Մոսկվա մեկնող օդանավում։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։ Նավալնին անգիտակից վիճակում հոսպիտալացվել էր, իսկ շաբաթ առավոտյան հատուկ օդանավով տեղափոխվել է Գերմանիա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել