ԱԺ պատգամավորների հայտարարագրերի անհամապատասխանություններն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անտարբերությունը
13:32 - 21 սեպտեմբերի, 2020

ԱԺ պատգամավորների հայտարարագրերի անհամապատասխանություններն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անտարբերությունը

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնել պաշտոնը ստանձնելու, տարեկան եւ պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ գույքի, եկամտի եւ շահերի հայտարարագիր, իսկ հայտարարատու պաշտոնատար անձանց հետ համատեղ բնակվող անձինք՝ միայն տարեկան հայտարարագիր:

Սակայն հայտարարագրերի մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ պատգամավորների զգալի մասը պատշաճ չի հայտարարագրել ունեցվածքը՝ մասնավորապես անշարժ եւ շարժական գույքը: Ոմանց մոտ եղել է գույքի ավելացում, ոմանց մոտ գույքը պակասել է, սակայն առանց տվյալ գույքը ձեռք բերելու կամ օտարելու:

Մոտ երկու ամիս առաջ մի շարք պատգամավորների հայտարարագրերում հայտնաբերված անհամապատասխանությունների հիմքով դիմել էինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պարզելու՝ հայտնաբերված անհամապատասխանությունները տեխնիկակա՞ն են, թե՞ բովանդակային:

Նշենք, որ դրանց մի մասը տեխնիկական բնույթի էին, որոնք արդեն շտկվում են:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ներկայացրել է երկու հայտարարագիր. մեկը պաշտոնը ստանձնելու հայտարարագիրն է, մյուսը՝ տարեկան: Պապոյանը պաշտոնը ստանձնելիս՝ 2019 թվականի հունվարի 14-ին,  հայտարարագրել է 3 ավտոմեքենա՝ Volkswagen, Vaz եւ Saab մակնիշների: 2019 թվականի տարեկան հայտարարագրում Պապոյանը նշել է միայն Volkswagen եւ Vaz մակնիշի ավտոմեքենաների առկայության մասին: 2019 թվականի ընթացքում պատգամավորը գնել է Hyundai մակնիշի ավտոմեքենա եւ վաճառել իր Volkswagen-ը: Տարեվերջում Պապոյանի շարժական գույքերը եղել են երկուսը՝ Hyundai եւ Vaz մակնիշի ավտոմեքենաները: Ստացվում է, որ պաշտոնավարման սկզբում նա ունեցել է Saab մակնիշի ավտոմեքենան, որը չի օտարվել, սակայն անհետացել է եւ չի երեւում իր տարեկան հայտարարագրում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը պաշտոնը ստանձնելիս՝ 2019 թվականի հունվարի 14-ին, ըստ հայտարարագրի՝ ունեցել է 2 բնակարան, 1 հողամաս եւ 1 անհատական բնակելի տուն: 2019 թվականի տարեկան հայտարարագրում Սողոմոնյանի անշարժ գույքի թիվն աճել է: Տարեսկզբին պատգամավորն ունեցել է 2 բնակարան, 1 անհատական բնակելի տուն եւ 5 հողամաս: Այսինքն՝ Սողոմոնյանը պաշտոնավարման հենց սկզբում ունեցել է 5 հողամաս, սակայն հայտարարագրել է դրանցից միայն մեկը՝ չներկայացնելով մյուս 4 հողամասերը: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանը 2018 թվականի հոկտեմբերի 16-ին ստանձնել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: Պաշտոնը ստանձնելիս Սիմիդյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ BMW եւ Volkswagen մակնիշների: 2018 թվականի տարեկան հայտարարագրում շարժական գույքի ձեռքբերման եւ օտարման վերաբերյալ որեւէ նշում չկա, հետեւաբար՝ Սիմիդյանը 2018 թվականին մեքենաներից որեւէ մեկը չի օտարել: Սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրի «Տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտային միջոց» դաշտում վերոնշյալ մեքենաները հայտարարագրված չեն:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի մայիսի 16-ին: Պաշտոնը ստանձնելիս ունեցել է 1 հողամաս եւ 2 բնակարան: 2018 թվականին որեւէ անշարժ գույք ձեռք չի բերել եւ չի օտարել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում նրան պատկանող անշարժ գույքերի թիվն ավելացել է մեկով՝ կազմելով 2 հողամաս եւ 2 բնակարան:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ին: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Ատոմյանի անշարժ եւ շարժական գույքը 2 հողամաս եւ 1 Mercedes մակնիշի ավտոմեքենա է: 2019 թվականի տարեկան հայտարարագրում Ատոմյանի հողմասերն ու մեքենան անհետացել են:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը պաշտոնավարելիս չի ունեցել որեւէ անշարժ գույք, սակայն ներկայացրած տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում նշված է մեկ անշարժ գույք՝ բնակարան, որը ձեռք է բերել 1994 թվականի հոկտեմբերի 27-ին: Ստացվում է, որ նշված բնակարանը Փաշինյանն ունեցել է նաեւ պաշտոնավարման սկզբում, սակայն չի հայտարարագրել։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը 2018 թվականի հունիսի 1-ին ստանձնել է Տավուշի մարզպետի պաշտոնը եւ որպես անշարժ գույք հայտարարագրել է 4 հողամաս եւ 1 բնակարան: 2018 եւ 2019 թվականներին որեւէ գույք չի օտարել, սակայն 2019 թվականի հայտարարագրում անհետացել է նրա բնակարանը: Ղալումյանը հայտարարագրել է միայն 4 հողամասերը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ին: Ստանձնելիս հայտարարագրել է 1 բնակարան եւ 1 հողամաս: Տարվա ընթացքում անշարժ գույք չի գնել, սակայն տարեկան հայտարարագրում նշել է 1 բնակարանի եւ 2 հողամասի առկայության մասին: Այսինքն՝ Թեւոսյանը պաշտոնավարման սկզբում ունեցել է 2 հողամաս, սակայն հայտարարագրում երեւում է դրանցից միայն մեկը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը պաշտոնը ստանձնելիս, ըստ հայտարարագրի, չի ունեցել որեւէ անշարժ գույք: Պաշտոնավարման տարում նույնպես ձեռք չի բերել, սակայն տարեկան հայտարարագրում առկա է մեկ անշարժ գույք՝ բնակարան: Այսինքն՝ Հայրապետյանը նշված անշարժ գույքը ունեցել է նաեւ պաշտոնը ստանձնելիս, սակայն չի հայտարարագրել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հայտարարագիրը հրապարակվել է բավականին ուշ, սակայն դրանով հանդերձ՝ Հովսեփյանի հայտարարագրում նույնպես կա անհամապատասխանություն: Հովսեփյանը պաշտոնավարումը սկսել է 2018 թվականի հունիսի 15-ից: Ըստ հայտարարագրի՝ պաշտոնը ստանձնելիս ունեցել է 4 հողամաս, 1 բնակարան եւ 1 բնակելի անհատական տուն: 2018 եւ 2019 թվականներին անշարժ գույքի գործարք չի կատարել, այսինքն՝ չի գնել եւ չի վաճառել անշարժ գույք, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում նա ներկայացրել է արդեն 5 հողամաս, 1 բնակարան եւ 1 բնակելի անհատական տուն: 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը պաշտոնավարումը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում որպես անշարժ գույք նշել է 1 բնակարան: Տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտը դատարկ է, սակայն պաշտոնավարման տարվա ընթացքում՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, պատգամավորը ձեռք է բերել բնակարան: Թե ինչպես է պատգամավոր ընտրվելուց հետո գնված բնակարանը հայտարարագրել որպես պաշտոնը ստանձնելիս արդեն իսկ ունեցած գույք, անհասկանալի է: Ստացվում է՝ Աբովյանը կա՛մ ունեցել է բնակարան, որը չի ներկայացրել տարեկան հայտարարագրում եւ պաշտոնվարման տարում ձեռք է բերել եւս մեկ բնակարան, կա՛մ նույն բնակարանն է, որը գնել է պաշտոնավարման տարում, սակայն հայտարարագրել է որպես մինչեւ պաշտոնավարումն ունեցած անշարժ գույք: 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը 2018 թվականին նախկին պաշտոնը ստանձնելիս եւ դադարեցնելիս չի ունեցել որեւէ անշարժ գույք: Արդեն 2019 թվականի տարեկան հայտարարագրում Գրիգորյանն ունի 3 հողամաս, որոնք ձեռք չեն բերվել 2018-2019 թվականի ընթացքում: Այսինքն՝ պատգամավորն ունեցել է նշված անշարժ գույքերը՝ մինչև պաշտոնը ստանձնելը, սակայն չի հայտարարագրել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 2017 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է 3 բնակարանի առկայության մասին: Նշված բնակարանները 2017, 2018 եւ 2019 թվականների ընթացքում չեն օտարվել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում 3 բնակարանների մասին որեւէ նշում չկա:

Սերգեյ Բագրատյանը պաշտոնը ստանձնելիս՝ 2017 թվականի մայիսի 17-ին, ունեցել է 1 բնակարան, 1 կիսակառույց շինություն, բազմաբնակարան շենքում 1 ոչ բնակելի տարածք եւ 2 հողամաս. ընդհանուր՝ 5 անշարժ գույք: 2017, 2018 եւ 2019 թվականներին անշարժ գույք չի օտարել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում նրա անշարժ գույքերը 1 բնակարան, 1 հողամաս եւ 1 հասարակական նշանակության շինություն են: Ընդհանուր՝ 3 անշարժ գույք: Թե ուր են անհետացել նախկինում իրեն պատկանող եւ չօտարված 2 անշարժ գույքերը, անհասկանալի է: 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը 2017 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է 2 անշարժ գույք՝ հասարակական նշանակության շինություն: 2017, 2018 եւ 2019 թվականներին Էնֆիաջյանը անշարժ գույքերը չի օտարել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում  «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում իր ունեցած անշարժ գույքերը նշված չեն:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը 2007-2012 թվականներին զբաղեցրել է քաղաքաշինության նախարարի պաշտոնը, որից հետո՝ մինչև պատգամավոր ընտրվելը, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: Պատգամավորական գործունեությունը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ին: Պաշտոնը զբաղեցնելու պահին, ըստ հայտարարագրի, ունեցել է 7 անշարժ գույք՝ 1 անհատական բնակելի տուն, 1 ամառանոց, 1 հասարակական նշանակության շինություն, 1 բազմամյա տնկի եւ 3 հողամաս: 2019 թվականի ընթացքում որեւէ անշարժ գույք չի գնել, սակայն Վարդանյանի տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում անշարժ գույքերը 7-ի փոխարեն թվով 16 են՝ 1 անհատական բնակելի տուն, 1 ամառանոց, բազմաբնակարան շենքում 1 ոչ բնակելի տարածք, հողին ամրակցված 3 այլ անշարժ գույք եւ 10 հողամաս: Ստացվում է, որ պատգամավոր Վարդանյանը պաշտոնը ստանձնելիս չի ներկայացրել իր անշարժ գույքի մեծ մասը՝ 16-ի փոխարեն հայտարարագրելով միայն 7-ը: 

Բացի այդ՝ Վարդանյանի 2019 թվականին ներկայացրած տարեկան հայտարարագրից իմանում ենք, որ հողամասերից 4-ը գնվել է 2011 թվականին, երբ նա դեռ քաղաքաշինության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում: Վարդանյանի՝ 2011 թվականի հայտարարագրում այդ տարվա ընթացքում գնված հողամասերի վերաբերյալ որևէ նշում չկա, այնինչ պետք է լիներ: Նշենք նաեւ, որ 2011 թվականին Վարդանյանի դրամական միջոցները տարեսկզբին եղել են 120 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին՝ 128 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեկան եկամուտը կազմել է ընդամենը 3 մլն 536 հազար ՀՀ դրամ։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը պաշտոնը ստանձնել է 2017 թվականի մայիսի 18-ից: Պաշտոնը ստանձնելիս, ըստ հայտարարագրի, ունեցել է 4 անշարժ գույք: 2017, 2018 եւ 2019 թվականներին պատգամավորը նոր անշարժ գույք ձեռք չի բերել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարգրում հայտարարագրել է 5 անշարժ գույք՝ բնակարան: Ստացվում է, որ Գրիգորյանը նույնպես ունեցել է բնակարան, որը չի հայտարարագրել պաշտոնը ստանձնելիս:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ից: Պաշտոնը ստանձնելիս, ըստ հայտարարագրի, Սամսոնյանը որեւէ անշարժ գույք չի ունեցել: Սակայն պարզվում է, որ իրականում ունեցել է 1 բնակարան, որը չի հայտարարագրել: 2019 թվականի տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում նախկինում չհայտարարագրված բնակարանն արդեն նշել է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը պաշտոնավարում է 2019 թվականի հունվարի 14-ից: Պաշտոնը ստանձնելիս, ըստ հայտարարագրի, Բաբայանը նույնպես չի ունեցել որեւէ անշարժ գույք: Սակայն իրականում ունեցել է 1 բնակարան, որը չի հայտարարագրել պաշտոնը ստանձնելիս: Արդեն 2019 թվականի տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում Բաբայանը նշել է նախկինում չհայտարարագրած անշարժ գույքը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը պաշտոնավարումը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Պաշտոնը ստանձնելիս Մինասյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ Hyundai Elantra եւ Mercedes Benz մակնիշների: 2019 թվականի տարեկան հայտարարագրի «Տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտի միջոցը» դաշտում Մինասյանը հայտարարագրել է միայն Hyundai մակնիշի ավտոմեքենան, որը այդ տարվա ընթացքում վաճառել է եւ գնել 2008 թվականի արտադրության Mercedes մակնիշի ավտոմեքենա՝ ընդամենը 520 հազար ՀՀ դրամով: Եթե սա նույն Mercedes մակնիշի ավտոմեքենան է, որը հայտարարագրված էր նաեւ պաշտոնը ստանձնելիս, ապա Մինասյանը պաշտոնավարման ընթացքում ձեռքբերած մեքենան ներկայացրել է որպես մինչեւ պաշտոնավարումը արդեն իսկ ունեցած շարժական գույք: Mercedes մակնիշի ավտոմեքենան Մինասյանը ձեռք է բերել 2019 թվականի օգոստոսի 15-ին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը պաշտոնավարումը սկսել է 2019 թվականի հունվարի 14-ից: Պաշտոնը ստանձնելիս Ստեփանյանը հայտարարագրել է 1 անշարժ գույք՝ ամառանոց: Պաշտոնավարման տարում՝ 2019 թվականին, Ստեփանյանը որեւէ նոր անշարժ գույք չի գնել, սակայն նրա՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրում առկա է 2 անշարժ գույք: Ստացվում է, որ Ստեփանյանը պաշտոնը ստանձնելիս նույնպես ունեցել է 2 անշարժ գույք, որոնցից մեկը չի ներկայացրել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ին: Պաշտոնը ստանձնելիս նա, ըստ հայտարարագրի, ունեցել է 2 անշարժ գույք՝ 1 բնակարան եւ 1 հողամաս: Պաշտոնավարման տարում անշարժ գույքի ձեռքբերման գործարք չի կատարել, սակայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում Գրիգորյանի անշարժ գույքերի թիվը կրկնապատկվել է. նա Հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 1 բնակարան եւ 3 հողամաս: Ստացվում է, որ Գրիգորյանը պաշտոնը ստանձնելիս նույնպես ունեցել է 4 անշարժ գույք, սակայն հայտարարագրման է ներկայացրել միայն դրանցից երկուսը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 14-ին: Պաշտոնը ստանձնելիս, ըստ հայտարարագրի, ունեցել է 3 անշարժ գույք՝ 1 հողամաս եւ 2 բնակարան: 2019 թվականի տարեկան հայտարարագրում «Տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույքը» դաշտում Բաղդասարյանի անշարժ գույքերի թիվը դարձել է 4՝ 1 հողամաս եւ 3 բնակարան, սակայն պաշտոնավարման տարում բնակարան չի գնել: Այսինքն՝ բոլոր 4 անշարժ գույքերն էլ նա ունեցել է մինչեւ պաշտոնավարելը, սակայն դրանցից մեկը հայտարարագրում չի երեւում:

Այսպիսով՝ ուսումնասիրելով հիշյալ պատգամավորների ներկայացրած հայտարարագրերը՝ տեսնում ենք, որ շատերի մոտ կան անհամապատասխանություններ: Արդեն մոտ 3 ամիս է՝ հրապարակվել են հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերը, սակայն կոռուպցիայի կանխարգեման հանձնաժողովը մինչ օրս չի զբաղվել վերոնշյալ խնդիրներով, որոնցում կարող են լինել նաեւ կոռուպցիոն ռիսկեր:

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել