«Գյումրու օր» տոնակատարության շրջանակում շահագործման կհանձնվի երեք կրթամշակութային կենտրոն |armenpress.am|
11:45 - 28 օգոստոսի, 2020

«Գյումրու օր» տոնակատարության շրջանակում շահագործման կհանձնվի երեք կրթամշակութային կենտրոն |armenpress.am|

armenpress.am: «Գյումրու օր» տոնակատարության շրջանակում՝ սեպտեմբերի 5-ին, քաղաքապետարանի շենքում,  շահագործման կհանձնվի կրթամշակութային 3 կենտրոն: Շինությունները տեղակայված են Գյումրու համայնքապետարանի վարչական կառույցի նկուղային հատվածում:

Տարածքը հիմնանորոգվել է Գյումրու համայնքապետարան-ՀՀ կառավարություն համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակմ: Շենքի տվյալ հատվածում գործելու են Գյումրու պատմության թանգարանը, Մկրտիչ Արմենի անվան կենտրոնական գրադարանը և Գյումրու համայնքային ցուցասրահը:

«Գյումրու օր» միջոցառման շրջանակում կատարելու ենք այս երեք խիստ կարևոր կառույցների բացումը և ազդարարելու ենք, որ այսուհետ այս կառույցները պատրաստ են ընդունելու գյումրեցիներին և  Գյումրու բոլոր հյուրերին»,- տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

 Ցուցասրահում հենց առաջին ցուցադրությունը նախատեսվում է սեպտեմբերի 5-ին՝  կանադահայ նկարիչ Գևորգ Կասաբյանի անհատական ցուցահանդեսով:

Մյուս  կառույցը՝ Մկրտիչ Արմենի անվան կենտրոնական գրադարանը, արդեն իսկ տեղավորվել է շինությունում: Քաղաքային գրադարանը տեղափոխելու պատճառը նախկին շենքի վթարային վիճակն է եղել: Գրքերը գրադարակներին  են, սպասվում է նոր գրականության համալրում, իսկ ընթերցողների համար գրադարանը բաց կլինի սեպտեմբերի 5-ից հետո:

Գյումրու պատմության թանգարանի հատվածում դեռ անելիքներ շատ կան:  Ցուցանմուշների տեղադրման աշխատանքներին զուգահեռ որոշ սենյակներում դեռ շինարարական եռուզեռ է:

Թանգարանում ցուցադրվելու են Գյումրու «Կումայրի» պատմամշակութային արգելոց թանգարանում պահվող ցուցանմուշները, որոնց մի մասը 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ժամանակավոր պահպանության էին հանձնվել ՀՀ մի շարք թանգարանների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել