Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհվեց |armtimes.com|
15:45 - 29 օգոստոսի, 2020

Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհվեց |armtimes.com|

armtimes.com: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևներ հանձնվեցին  հանդիսավոր պայմաններում:

Արմենակ Ուրֆանյանի պարգեւը հանձնվեց հերոսի մորը:

Հանդիսավոր արարողությանը ներկա է  նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը հակառակորդը ենթարկում է ինտենսիվ հրետակոծության, հետո այն գրոհում են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ:

Այս դիրք ներթափանցելու հակառակորդի բոլոր ջանքերը կասեցվում են հենց 4-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի, ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի եւ Ռոբերտ Աբաջյանի շնորհիվ: Շատերը նրանց անվանում են «Մարտակերտի փրկիչներ»:

Մերօրյա հերոս Արմենակ Ուրֆանյանն իր 6 մարտիկներին հրամայել է շրջանաձեւ պաշտպանության դիրք գրավել եւ ընդունել մարտը՝ հրամայելով չնահանջել, քանի որ գիտակցել էր, որ եթե այդ մարտական դիրքը հանձնվի հակառակորդին, մնացած մարտական դիրքերը կշրջափակի հակառակորդը: Անհավասար մարտում վաշտի 7 մարտիկները՝ Արմենակ Ուրֆանյանի գլխավորությամբ, հետ են մղել թշնամու առաջին փորձը՝ խփելով մեկ տանկ: Երկրորդ գրոհն ավելի մեծ ուժերով է նախաձեռնվել, թշնամին դեպի դիրքեր փորձել է ճանապարհ հարթել էվակուացիոն մեքենայով, բայց Արմենակը ոչնչացրել է նաեւ դա, հակառակորդը մեծաթիվ ուժերով կրկին նահանջել է: Հակառակորդի մեծաթիվ զորքը գրոհել է 7 հոգանոց վաշտի վրա եւ շարունակել հրետակոծությունը:

Արմենակ Ուրֆանյանը զոհվել է արկի պայթյունից: Նրա հետ զոհվել է նաեւ ազգությամբ եզդի, շարքային Քյարամ Սլոյանը, որը մինչեւ այդ հրաշալի կատարել է գնդացրորդի իր պարտականությունները: Արմենակը մարտի ընթացքում միշտ կապի մեջ է գտնվել գումարտակի հրամանատարության հետ. «Մարտը վարում եմ ու ձեռքիս տակ ընկած բոլոր միջոցներով խոցում: Հաստատ դիրքը պահելու եմ, չեմ տալու»,- եղել է Ուրֆանյանի վերջին նախադասությունը:

Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի զոհվելուց հետո դիրքն անձնազոհաբար պաշտպանել է Աբաջյանը՝ իր հետ միասին պայթեցնելով հակառակորդի մի քանի զինվորի:

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել