Լիբանանի հայկական համայնքին է փոխանցվել Արցախից ուղարկված հերթական դրամական օգնությունը
18:41 - 29 օգոստոսի, 2020

Լիբանանի հայկական համայնքին է փոխանցվել Արցախից ուղարկված հերթական դրամական օգնությունը

Օգոստոսի 27-ին Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանը Բեյրութում հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտաքիին գործերի նախարարությունը։

Հանդիպման գլխավոր նպատակն էր Արամ Առաջին Վեհափառի հովանու ներքո գործող՝ Լիբանանի հայկական համայնքային բոլոր կառույցներն ընդգրկող հանձնախմբին փոխանցելու Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարականով Արցախի կառավարության կողմից լիբանանահայությանը հատկացված 25 միլիոն ՀՀ դրամի չափով դրամական օգնությունը։  Նույն օրը Կարապետ Քաբաբջյանը Լիբանանի ազգային առաջնորդարանում հանդիպում է ունեցել Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդների հետ։

Հանդիպմանը Կարապետ Քաբաբջյանը նշել է, որ Արցախի համար դժվարին ժամանակներում Լիբանանի հայ համայնքը մշտապես սատար է կանգնել արցախահայությանը, և այժմ Արցախն է օգնության ձեռք մեկնում լիբանանահայությանը՝ Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքների վերացմանն օժանդակելու համար։

Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդների անունից շնորհակալական խոսք է ասել Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահէ արքեպիսկոպոս Փանոսեանը՝ նշելով, որ Արցախի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունն ավելին է, քան պարզապես դրամական օգնություն. այն ուժ և կորով է ներշնչում լիբանանահայությանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել