Լիբանանահայերին օգնություն ցույց տալու փաթեթը կառավարությունում է․ շուրջ 850 հոգի ժամանել է Հայաստան՝ երկարատեւ բնակության |hetq.am|
09:32 - 03 սեպտեմբերի, 2020

Լիբանանահայերին օգնություն ցույց տալու փաթեթը կառավարությունում է․ շուրջ 850 հոգի ժամանել է Հայաստան՝ երկարատեւ բնակության |hetq.am|

hetq.am: Սեպտեմբերի 1-ին, կառավարության շրջանառությանն է հանձնվել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով տուժած լիբանանահայերին աջակցություն ցույց տալու փաթեթի նախագիծը։ Այս մասին մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ 

Կառավարությունը սեղմ ժամկետներում պետք է քննարկի նախագիծը՝ հաշվի առնելով հարցի հրատապ լինելը։ Փաթեթը ներառում է առողջապահական, կրթական եւ սոցիալական բաղադրիչներ։ Այն ընդգրկում է նաեւ կացարանի հարցում որոշակի պետական աջակցության տրամադրումը։

Ըստ Զարեհ Սինանյանի՝ փաթեթն ուղղված է Հայաստան ժամանող 5 հազար լիբանանահայերի կողմից այստեղ երկարատեւ բնակություն հաստատելուն։ Կառավարության ներկայացուցիչն ասում է, որ Լիբանանում մնացած հայերին ցուցաբերվող աջակցությունը եւս շարունակական է լինելու։ Այն լինելու է տարբեր ձեւաչափերով, ինչպես, օրինակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած համերգ-դրամահավաքը, որից ստացած հասույթն ուղղվելու է լիբանանահայերի կարիքներին։

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի փոխանցմամբ՝ հուլիսի 14-ից մինչ օրս Հայաստան է ժամանել ավելի քան 1100 լիբանանահայ, որոնցից 250-ը կարճատեւ ժամանակով է եկել։ Դա նշանակում է, որ երկարատեւ բնակության նպատակով ժամանած լիբանանահայերի թիվը մոտ 850 է։ Նրանց թվում են նաեւ պայթյունի հետեւանքով տուն կորցրած մեր հայրենակիցները։

Լիբանանից վերադարձած երկու ընտանիք ցանկություն է հայտնել բնակվել Արցախում։ Զարեհ Սինանյանն ասում է, որ առաջիկա օրերին պատրաստվում է Արցախ մեկնել՝ տեղի գործընկերների հետ քննարկելու լիբանանահայերի աջակցությանն ուղղված ծրագիրը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը հայտնել էր, որ Լիբանանից Արցախ են ժամանել առաջին երկու հայրենադարձ ընտանիքները, որոնց կացության համար ստեղծված են բոլոր պայմանները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել