Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն կարանտին հայտարարելու փաթեթը
12:38 - 04 սեպտեմբերի, 2020

Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն կարանտին հայտարարելու փաթեթը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այսօրվա նիստում քննարկվեց նաև մի շարք այլ օրենքներում փոփոխություններ անելու հարցը, որով հնարավորություն կընձեռվի այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը:

Նախատեսվում է այլևս չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, այն փոխարինել՝ կարանտինով։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 80 կողմ, 28 դեմ ձայներով։

Նախագծին դեմ են քվեարկել ԱԺ ընդդիմադիր ուժերը, իրենց ելույթներում պատգամավորները նշեցին, որ իրավական  խնդիրներ են տեսնում նախագծում։ 

Ըստ նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներում: Համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումներ, ինքնամեկուսացում/մեկուսացում:

Եթե կարանտին կսահմանվի կառավարության կողմից, հնարավոր կլինի նաև ավելի խիստ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում: Արտակարգ դրությունը նոր ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ: Այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել