Գյումրիում բացվեց քաղաքի պատմության նոր թանգարանը, ներկայացված է մոտ 2000 եզակի ցուցանմուշ
 |shantnews.am|
10:18 - 06 սեպտեմբերի, 2020

Գյումրիում բացվեց քաղաքի պատմության նոր թանգարանը, ներկայացված է մոտ 2000 եզակի ցուցանմուշ |shantnews.am|

shantnews.am: Այսօր մշակութային ևս մեկ կենտրոն ավելացավ թանգարաններով հարուստ քաղաքում։ Քաղաքապետարանի կիսանկուղային հարկում բացվեց մշակութային կենտրոն։ Բոլոր հյուրերի ու զբոսաշրջիկների առջև բաց կլինեն քաղաքի պատմության թանգարանի դռները, որտեղ առաջին անգամ ցուցադրության են հանվել տարիներով պահոցներում թաքնված ալեքպոլյան ժամանակաշրջանի մոտ 2000 ցուցանմուշներ։

«Սրահում առաջին անգամ ցուցադրության ենք ներկայացրել այն հին լուսանկարչական սարքերը, որոնցով քաղաքի հայտնի լուսանկարչատները 19-ից 20-րդ դարն աշխատել են: Բոլոր սարքերն աշխատող են։ Հավաքածուն գնվել է Մկրտիչ Փալանջյանից, ով քաղաքում հայտնի ամենահին՝ «Փալանջյան» լուսանկարչատան սեփականատերերի ժառանգն է»,-նշում է Ինգա Ավագյանը:

Թանգարանի ամենահին ցուցանմուշը ցլանման քարե գտածոն է, ինչն էլ վկայում է, որ քաղաքն ունի մոտ 6000 ու ավելի տարվա պատմություն։ Թանգարանի առանձնացված բաժիններից մեկում ներկայացված են նաև ալեքպոլյան ժամանակների քաղաքագլխի աշխատասենյակն ու փաստաթղթերը։

Քաղաքի պատմության թանգարանում առաջին անգամ ցուցադրվում են նաև մայրաքաղաքի պատմության թանգարանում 88 թվականից ի պահ տրված թանկարժեք զարդերն ու Գյումրվա հայտնի արծաթյա գոտիները։

«Զարդերը բոլորովին վերջերս են տեղափոխվել Գյումրի։ Ներկայացրել ենք այն եզակի նմուշները, որ մեր այցելուները տեսնեն այն կենցաղը, որով ապրել է ալեքպոլցին: Ցուցափեղկում ցուցադրված են այն գոտիները, որոնք բերովի մշակույթ են, էստեղ Շուշիի, պարսկական գոտիներ կան, Վանից գոտի կա, իսկ մյուս հատվածում հենց ալեքպոլցի ոսկերիչների ձեռքով պատրաստված գոտիներն են, դրանք թմբաձև գոտիներն են, և կենցաղում դրանք առհասարակ կրել են միայն տղամարդիկ»,-ասում է Ինգա Ավագյանը:

Պատմության թանգարանում այցելուները կգտնեն եզակի նմուշ: Այստեղ են տեղափոխվել գյումրեցի հայտնի կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի ռեստավրացված ռոյալը, ձեռագիր նոթատետրերը և Նիկողայող Տիգրանյանին ուղղված Կոմիտաս Վարդապետի մակագրությամբ ձեռագիր գրություններն ու անձնական իրերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել