ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ և ԵՄ երկրների միջև ռեադմիսիայի կիրարկման արձանագրություններին |armenpress.am|
11:15 - 07 սեպտեմբերի, 2020

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ և ԵՄ երկրների միջև ռեադմիսիայի կիրարկման արձանագրություններին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և եվրոպական մի քանի պետությունների միջև «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունները վավերացնելուն:

ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին կիրարկման երեք արձանագրությունները՝  Բուլղարիայի Հանրապետության հետ, Բենիլյուքսի պետությունների  (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) հետ և Գերմանիայի Դաշնության հետ, ներկայացրեց ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

«Արձանագրությունների նպատակն է կողմերի միջև գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակում դյուրացնել ռեադմիսիայի համաձայնագրի իրականացումը: Արձանագրությունները նախատեսում են մանրամասն կանոններ ՀՀ-ի և Բենլիյուքսի պետությունների, Գերանիայի և Բուլղարիայի միջև հարաբերություններում կիրարակման մասով»,-ասաց ծառայության պետը:

Հետընդունման ոլորտում ՀՀ քաղաքականությունը միտված է ԵՄ անդամ երկրների հետ միգրացիայի ոլորտում համագործակցության սերտացմանը: Այս համատեքստում Ղազարանը խիստ կարևորեց անօրինական միգրացիայի դեմ պայքարը: Նրա վստահեցմամբ՝ արձանագրությունների վավերացումը դրական ազդեցություն կունենա այդ համագործակցության ընդլայնման և խորացման վրա: Ամենաշատ հետընդունումն իրականացվում է Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Բելգիայից:

2020-ին առաջին անգամ կառավարությունը հաստատել է պետական ծրագիր՝ օժանդակելու հարկադիր վերադարձող քաղաքացիներին: «Մինչ այդ պետությունն այս ոլորտում եղել է բացակա: Ծրագրով օժանդակում ենք հարկադիր վերադարձած և կեցության վայր չունեցող քաղաքացիներին, տրամադրում ենք բնակարանի վարձի փոխհատուցում՝  60 հազար դրամի չափով 6 ամսվա ընթացքում»,- ասաց Ղազարյանը:

Այս պահին արձանագրություններ են վավերացվել երեք երկրների՝ Ֆրանսիայի, Էստոնիայի, Չեխիայի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել