lragir.am: ԱԺ պետաիրավական հարցերի մշատական հանձնաժողովի նիստում քննարկվում է վիրավորանքի ու զրպարտության համար ավելի բարձր տուգանքներ սահմանելու նախագիծը։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը  հեղինակել է նախծագիծ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ առկա օրենքով նշվում է, որ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցառումներից մեկը կամ մի քանիսը՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով վճարման փոխհատուցումը։ Օրենքի նախագծով առաջարկվում է փոխել և փոխհատուցման գումարի չափը սահմանել նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկի չափով։

Զրպարտության դեպքում գործող օրենքով անձը կարող է պահանջել նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում։ Առաջարկվում է այս դրույթը փոխարինել 10  000-ապատիկի չափով վճարման կարգով։ «Եթե դրամային վերածենք, այսօր 1 մլն-ը դառնում է 5 մլն, իսկ 2 մլն-ը՝ 10 մլն։ Բայց սա թողնվում է դատարանի որոշումը։ Դատարանը կարող է մեկ դրամի փոխհատուցում էլ սահմանել», նշեց Սիմոնյանը։

«Մենք բոլորս գիտենք, որ այսօր տեղեկատվական դաշտում տիրում է մի իրավիճակ, երբ վիրավորանքն ու զրպարտությունը գրեթե ամեն օր կարող է հանդիպել։ Ուստի, այն պարագայում, երբ համացանցը թույլ է տալիս ընդամենը մի քանի րոպեի ընթացքում գրանցել էջեր, կայքեր, որոնք իբր հանդիսանում են լրատվական կայքեր, կարծում եմ՝ այս փոփոխությամբ մենք կկարողանանք հնարավորինս կանխել սուտը և զրպարտությունը»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ հասարակ ընթերցողներն ԱԺ-ից գործուն քայլեր են պահանջում այս ուղղությամբ։

Կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ նախագծին, բայց ըստ Ալեն Սիմոնյանի, կառավարությունից առաջարկություն կա տուգանքների չափերը սահմանել վիրավորանքի դեպքում նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով, իսկ զրպարտության դեպքում՝ 3000-ապատատիկի չափով։

Արդադադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց՝ կա հարցի երկրորդ կողմը, այստեղ խոսք է գնում խոսքի ազատության սահմանափակման մասին, որն, իհարկե, բացարձակ չէ։ Եվ որոշ դեպքերում պետք է սահմանափակվի այն։

«Մենք առաջարկում ենք, որ վիրավորանքի դեպքում սահմանվի ոչ ավելի, քան 2 մլն դրամ, իսկ  զրպարտության համար՝ ոչ ավելի, քան 3 մլն, որպեսզի արդար հավասարակշռության սկզբունքը չխախտվի և վտանգ չներկայացվի խոսքի ազատության համար», ասաց փոխնախարարը։