Պաշտպանության բանակը պատրաստ է հետ մղել ցանկացած ագրեսիա. ԱՀ ԱԳ նախարարի հարցազրույցը Nationalia-ին
 |tert.am|
20:47 - 07 սեպտեմբերի, 2020

Պաշտպանության բանակը պատրաստ է հետ մղել ցանկացած ագրեսիա. ԱՀ ԱԳ նախարարի հարցազրույցը Nationalia-ին |tert.am|

tert.am: Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հարցազրույց է տվել Բարսելոնայում գործող «Nationalia» գործակալությանը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արցախի ԱԳ նախարարն անդրադարձել է ղարաբաղյան հակամարըության կարգավորման նկատմամբ Արցախի և Ադրբեջանի դիրքորոշումներին՝ անընդունելի համարելով Թուրքիայի կառավարության դիրքորոշումն՝ սատարումն Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների։

- Հուլիսին Բաքվում տեղի ունեցած ցույցերը փողոց դուրս բերեցին հազարավոր մարդկանց, ովքեր Ադրբեջանի կառավարությունից պահանջում էին լայնամասշտաբ պատերազմ սկսել՝ Ղարաբաղը հետ գրավելու համար: Ի՞նչ է կարծում ձեր նախարարությունը՝ արդյո՞ք ինչ-որ պահի ադրբեջանական ուժերի հարձակումը հավանական է: Եթե այո, ապա ինչպե՞ս է Ղարաբաղը պատրաստ պաշտպանվել՝ հաշվի առնելով, որ տարիներ շարունակ Ադրբեջանն ավելացրել էր իր ռազմական կարողությունները:

- Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե ինչ տեմպերով և ծավալներով է Ադրբեջանը մեծացնում իր զինանոցը, պարզ է դառնում, որ Ադրբեջանը զենք է գնում ոչ թե պահեստում պահելու, այլ մի օր օգտագործելու մտադրությամբ: Եվ Ադրբեջանը յուրաքանչյուր հնարավորություն կօգտագործի՝ փորձարկելու և ստուգելու՝ արդյո՞ք ճիշտ ժամանակն է նոր ագրեսիա սկսելու համար: Մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը դա անում 2016թ. ապրիլին, և բոլորովին վերջերս՝ հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի Տավուշի մարզում: Երկու դեպքերում էլ Արցախի և Հայաստանի պաշտպանական ուժերը համարժեք պատասխան են տվել։ Հիմքեր չկան հավատալու, որ Ադրբեջանը հերթական անգամ չի կատարի նման փորձ, երբ  զգա, որ բավականին հզորացել է՝ դիմելու նոր ռազմական արկածախնդրության: Իհարկե, մենք դա գիտակցում ենք, և Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է հետ մղել ցանկացած ագրեսիա, ինչպես որ դա արել է նախկինում։

- Ինչպե՞ս է ձեր նախարարությունը և Արցախի կառավարությունը, ընդհանրապես, աշխատում միջազգային դիվանագիտական ասպարեզում՝ ձեր հանրապետության դիրքերն ամրապնդելու համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ այն շարունակում է մնալ չճանաչված:

- Մեր նախարարությունը, և, ընդհանուր առմամբ, Արցախի իշխանություններն անում են առավելագույնը՝ աշխարհին ներկայացնելու իրադրության իրական պատկերը: Անկախության հռչակումից ի վեր մեր հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է: Մենք մշտապես կողմ ենք եղել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։ Այս դիրքորոշումը հնչել է բազմաթիվ առիթներով՝ ինչպես հրապարակավ, այնպես էլ՝ ԵԱՀԿ գործող նախագահի և Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ընթացքում. նաև Արտաքին գործերի նախարարության բազմաթիվ հայտարարություններ են տարածվել միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են՝ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ԵԽ-ն և այլն: Մենք չենք թաքցնում այն փաստը, որ խաղաղություն ենք ուզում, միևնույն ժամանակ, գիտակցում ենք, թե ինչ նկատի ուներ լատինացի փիլիսոփան` նշելով «Si vis pacem, para bellum - Ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմի»: Եվ մենք արդեն անցել ենք դրա միջով:

Երբեմն գեթ մի հայացք տարածաշրջանին բավական է՝ հասկանալու հակամարտության գոտում տեղի ունեցող զարգացումների հիմքում ընկած իրականությունը: Ինչպես նշեցիք առաջին հարցում, Բաքվում հազարավոր ցուցարարներ Ադրբեջանի կառավարությունից պահանջում էին  լայնամասշտաբ պատերազմ սկսել: Արդարության համար, սակայն, հարկ է նշել, որ երկրի խորհրդարանի շենք ներխուժած ցուցարարներն ունեցել են նաև հակակառավարական օրակարգ: Դա պարզապես ցույց է տալիս, թե ինչ դեր է խաղում հակամարտությունը Ադրբեջանի ներքին կյանքում, և որքանով են ադրբեջանական հասարակությունն ու կառավարությունը պատրաստ խաղաղության կամ հակամարտության խաղաղ կարգավորման:

Հնարավոր չէ խաղաղության հասնել միակողմանիորեն. դրան պետք է ձգտեն հակամարտության բոլոր կողմերը: Եվ անկախ նրանից, թե որքան բարձրաձայն ենք հայտարարում մեր հարևանների հետ խաղաղության հասնելու պատրաստակամության մասին, նրանք պետք է լինեն և՛ ընկալունակ, և՛ տրամադրված խաղաղության: Ցավոք, տարիներ շարունակ Ադրբեջանում հակահայկական տրամադրությունները պետական քաղաքականության մաս են դարձել, և Ադրբեջանն իր բնակչությանը խաղաղության փոխարեն նախապատրաստել է պատերազմի: Սա այն իրականությունն է, որի հետ մենք բախվում ենք այսօր: Եվ սա է այն իրականությունը, որով  միջազգային հանրությունը պետք է զբաղվի: Անկախ այն փաստից՝ երկիրը ճանաչված է, թե ոչ, մենք, առաջին հերթին, պետք է մտածենք ժողովրդի մասին: Եվ մենք մեր բաժինն անում ենք, ոչ միայն մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, այլև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում կառուցողական դեր խաղալու համար:

Կարդալ ավելին՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել