ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել մի շարք լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունների վերաբերյալ: 

«Որոշ լրատվամիջոցների շրջանառած «պահուստային ֆոնդի փոշիացումների» չճշգրտված ձեւակերպումներին անդրադառնալով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շեշտում է, որ ԱԱՏՄ կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով հատկացված գումարը տրամադրվել է նույն տեսչական մարմնի խնայողությունների հաշվին, որոնք ուղղվել էին կառավարության պահուստային ֆոնդ։

Հատկացված 37,9 մլն դրամի հաշվին նախորդ տարեվերջին և այս տարեսկզբին ձեռք է բերվել տեսչական մարմնին խիստ անհրաժեշտ գույք և տեխնիկա՝ ապահովելով բնականոն գործունեության համար նվազագույն պայմաններ․ ԱԱՏՄ-ում կիրառվող համակարգչային տեխնիկան գործածության ենթակա չէր, մի քանի աշխատող միաժամանակ աշխատում էր մեկ հնամաշ համակարգչով։

Ինչ վերաբերում է ԱԱՏՄ-ին մեքենաների տրամադրմանը, ապա մեկ անգամ չէ, որ տեղեկացվել է՝ այդ մեքենաները տեսչական մարմնին նվիրաբերվել են Եվրասիական տնտեսական միության կողմից՝ երկկողմ գործակցության շրջանակներում․ դրանց համար բյուջեից առհասարակ գումար չի տրամադրվել։ Ընդ որում՝ այդ մեքենաների տրամադրումը համավարակով պայմանավորված չէ։ Դա հիմնավորվում է ԱԱՏՄ գործունեության օպերատիվության ապահովման խիստ անհրաժեշտությամբ»։