ԼՀԿ-ն առաջարկում է արգելել գիշերային ժամերին վարկերի տրամադրումը

 |armenpress.am|
12:29 - 08 սեպտեմբերի, 2020

ԼՀԿ-ն առաջարկում է արգելել գիշերային ժամերին վարկերի տրամադրումը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է արգելել գիշերային ժամերին քաղաքացիներին վարկերի տրամադրումը:

Այս մասին օրենքի նախագիծը խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը:

«Գիշերային ժամերին շատ գրավատներ և վարկային կազմակերպություններ գործունեություն են իրականացնում և վարկեր են տրամադրում: Գիշերային ժամին վարկ են վերցնում հիմնականում կամ խաղամոլությամբ տարված մարդիկ, կամ նրանք, որոնք գինովցած վիճակում են, կամ էլ գողոնի արագ իրացման և գողոնից ազատման դեպքերն են: Այս երևույթներն առաջացնում են որոշակի սոցիալական ռիսկեր: Նախագծով առաջարկվում է արգելել գիշերային ժամերին՝ 22:00-07:00-ն, վարկերի տրամադրումը, այդ թվում՝ առցանց եղանակով»,- ասաց Խաչատրյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել նաև փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ հարցերը:

«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում կա դրույթ, ըստ որի պայմանագիրը պետք է պարունակի փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ տեղեկատվություն: Գործնականում, շատ հաճախ ելնելով նրանից, որ պայմանագիրը շատ ծավալուն է, ներկայացվող տեղեկատվությունը կարող է ակնհայտորեն չերևալ, և մարդիկ հիմնականում հակված չեն լինում ամբողջությամբ կարդալու պայմանագիրը: Այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ մարդիկ այդպես էլ չեն տեղեկանում փաստացի տոկոսադրույքի չափի մասին: Առաջարկվում է, որ հաճախորդի ստորագրության համար նախատեսված տեղի անմիջապես ներքևում նշվի փաստացի տոկոսադրույքի չափը»,- ընդգծեց Արկադի Խաչատրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել