Երևանի ավագանու որոշմամբ բյուջեի ծախսերը նվազեցվեցին մոտ 233 մլն դրամով


 |armenpress.am|
15:15 - 08 սեպտեմբերի, 2020

Երևանի ավագանու որոշմամբ բյուջեի ծախսերը նվազեցվեցին մոտ 233 մլն դրամով |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանին 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշում կայացրեց:

Համաձայն դրա Երևանի եկամուտները կավելացվեն 60 մլն 014 հազար դրամով, ծախսերի գումարն էլ կնվազեցվի 233 մլն 386 հազար դրամով:

Որոշման համաձայն 293 մլն 400 հազար դրամով կնվազեցվի նաև դեֆիցիտի գումարը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը, ներկայացնելով որոշումը, հայտնեց, որ 2020 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից կհատկացվի 25 մլն 141.5 հազար դրամ՝ Երևանում քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչներին փոխհատուցման համար բնակարաններ ձեռ բերելու համար:

Որոշման համաձայն Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կհատկացվի 200 մլն դրամ՝ հայրության ճանաչման գործընթացի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում նշանակված «ԴՆԹ թեստավորման» հետազոտության վճարի համար:

«Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի նպատակային հատկացումներն ավելացվեցին 60 մլն 014 հազար դրամով, որով նախատեսվում է ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի հուշարձանի կառուցման աշխատանքների իրականացման համար:

Նախագծով առաջարկվում է «Երևանի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի շրջանակում մասհանումների գծով վճարումների տրամադրում» ծրագրով նախատեսել 103 հազար 4 հարյուր եվրոյին համարժեք 59 մլն 522.9 ՀՀ դրամ՝ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ին սուբսիդավորելու նպատակով:

Նախագծով նաև առաջարկվում է՝ 2019 թվականի «Ակտիվ քաղաքացի» նախագծի ամփոփման արդյունքում, հաղթող ճանաչված նախագծերից երկուսի համար նախատեսել 45 մլն 937.4 հազար դրամ, մասնավորապես 9 մլն 075.6 հազար դրամ՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան, 54 շենքի բակային տարածքի բարեկարգման աշխատանքների համար, և 36 մլն 861.8 հազար դրամ՝ Երևանի քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում մարզական կենտրոնի կառուցման համար:

Նախատեսվում է նաև 293 մլն 400 հազար դրամ ուղղել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռք բերմանը:

Նախագծով նախատեսվում է պահուստային ֆոնդի վարչական մասը նվազեցնել՝ 59 մլն 522.9 հազար դրամի դրամի չափով, իսկ ֆոնդային մասը՝ 339 մլն 337.4 հազար դրամի չափով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել