«Անոթի մնամ, ճամփեն պառկիմ նե, չեմ մտածեր Լիբանան վերադառնալու մասին» |hetq.am|
10:01 - 09 սեպտեմբերի, 2020

«Անոթի մնամ, ճամփեն պառկիմ նե, չեմ մտածեր Լիբանան վերադառնալու մասին» |hetq.am|

hetq.am: Օգոստոսի 4-ին Խաթունն իր երկու դուստրերի հետ տանն էր։ Նրանց տունը Բեյրութի հայաշատ Բուրջ Համուդ արվարձանում է։ Հայաստան գալու տոմսերը գնել  էին դեռ ամիսներ առաջ, սակայն համավարակի, Լիբանանում տեղի ունեցող ցույցերի, անկայուն իրավիճակի պատճառով գալը ձգձգվում էր։ Խաթունն ասում է, որ այն պահին, երբ աղջիկներին հարցրեց, թե ով է ուզում Հայաստան գնալ, ու նրանք հազիվ էին պատասխանել՝ «ես, ես», տունը սկսեց շարժվել։ Սկզբից մտածել էին, թե «հրեան է զարկել», իսկ ավելի ուշ իմացել էին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մասին։

«Երկինքը կարմիր էր, սեփ-սեւ մուր, այնպիսի փոշի էր տարածվել, որ մեկը մյուսին դժվար էր տեսնելը»,- նկարագրում է զրուցակիցս։

Այդ օրը սովորականի պես Խաթունի ավագ որդին՝ Եղիկը, դուրս էր եկել զբոսանքի։ Ամեն օր նա հենց նավահանգստի այդ եզերքով է զբոսնում։ Պայթյունից հետո տնեցիները մի քանի անգամ զանգել էին նրան, սակայն չէր պատասխանել։ Մայրն ասում է, թե ինչ ասես, մտքով անցել էր։ Սակայն 15 րոպե անց ավագ դուստրը բակում նկատել էր եղբորը։ Պարզվել էր, որ այդ օրը Եղիկն ընկերների հետ ակումբ էր գնացել։

Պայթյունի հետեւանքով Խաթունենց տան ապակիներն էին վնասվել, սակայն հոգեկան ապրումները շատ ավելի ուժգին էին։ Ասում է՝ փոքրից մեծ, աներեւակայելի րոպեներ ապրեցին։ Հետո փոքր դստեր օրինակն է բերում, որը մեր զրույցի ընթացքում մորը խնդրում է այլեւս չհիշել կատարվածը։ Խաթունն ասում է՝ տեսնու՞մ եք, պստիկ է, բայց մինչեւ հիմա հիշում է կատարվածը։

Օգոստոսի 18-ին Խաթուն Խորիկյանն ու երեք զավակները ժամանել են Հայաստան՝ մշտական բնակության։ Ընտանիքն առաջին անգամ է Հայաստանում։ Խաթունը պատմում է, որ երբ օդանավից իջել են, ավագ դուստրը՝ 14-ամյա Ստեֆանին, սկսել է լացել, հետո ինքն էլ չի կարողացել զսպել հուզմունքը։

Ըստ Խաթունի՝ երբ ժամանակին մայրն իրենով հղի էր, Հայաստան էր եկել եւ ուխտ արել, որ դստեր մկրտությունը Էջմիածնում է լինելու։ Սակայն տարիներ անց հայրը նրան կնքել էր Լիբանանում։ Դրա համար, Խաթունի պատմելով, մայրն անընդհատ վախեր էր ունենում, թե չկատարած ուխտի համար ինքը՝ աղջիկը, կհայտնվի դժվարին իրավիճակներում։ 41 տարի անց Խաթունը կիսով չափ կատարել է մոր ցանկությունը․ օդանավից իջնելուց հետո վարորդին խնդրել է Էջմիածին գնալ։

Արդեն երկու շաբաթ 41-ամյա կինն իր երեք զավակների հետ բնակվում է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վարձակալած տան առաջին հարկում, տան երկրորդ հարկում տանտերն է ընտանիքով։ Ամսական 120 հազար դրամ պիտի վճարեն։ Տան վարձն առաջին դժվարությունն է, որին ընտանիքը բախվել է հայրենիքում։

Բակի փոքրիկ հողակտորը մշակված է․ պղպեղի ծաղիկներն արդեն թափվում են, չերրի տեսակի լոլիկներ կան, վարդեր։ Խաթունն ասում է, թե տանտիրոջինն են, երբեմն իրենց էլ է հյուրասիրում, սակայն իրենք հիանում են բակի գեղեցկությամբ։

Ընտանիքի մայրը նկատում է, թե շատ են ցանկանում, որ ամուսինն էլ գա Հայաստան եւ ուրախ անցկացնի օրը, ինչպես իրենք։ Սակայն այստեղ աշխատանք չգտնելու վախը նրան դեռ կապում է Բեյրութի հետ, որտեղ հիմա պահակություն է անում ամսական 80 դոլարով։ Կնոջ խոսքով՝ Լիբանանում օրեցօր թանկացող կյանքի համար դա չնչին գումար է, դրանով նույնիսկ առաջին անհրաժեշտության իրեր դժվար է գնել։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել