Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել․

«Սևանա լճի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները շարունակվում են:

Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների»՝ 2020 թվականի տարեկան ծրագրի՝ Սևանա լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվում են անտառաշերտի մաքրման աշխատանքները։

Ափամերձ անտառաշերտը հատուկ տեխնիկայի և ձեռքի աշխատանքի օգնությամբ մաքրվում է ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից:

Մաքրման ենթակա տարածք է մինչեւ 1901,5 մ նիշն ընկած առափնյա գոտին, որի մի մասն արդեն անցել է ջրի տակ, մի մասն էլ՝ ճահճի վերածվել։

Ծառերի և թփուտների մնացորդների դուրս բերումը առափնյա ջրածածկ գոտիներից ուղղված է Սևանի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանը։

Հիշեցնեմ, որ նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 140 հեկտար անտառածածկ տարածք։

Այս տարի նախատեսվել է մաքրել շուրջ 270 հեկտար ափամերձ անտառաշերտ։

Այս պահին ամբողջությամբ մաքրված է շուրջ 50 հեկտար։

Այս ամենի գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը և երաշխավորել լճի անխոչընդոտ առողջացումը։

 Տեսանյութն արված է «Սևան» Ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, Ծովակ համայնքի վարչական սահմանում»։