Ռոմանոս Պետրոսյանն այսօր առաջին աշխատանքային առցանց հանդիպում-քննարկումն է ունեցել Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչների հետ
16:08 - 09 սեպտեմբերի, 2020

Ռոմանոս Պետրոսյանն այսօր առաջին աշխատանքային առցանց հանդիպում-քննարկումն է ունեցել Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչների հետ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր առաջին աշխատանքային առցանց հանդիպում-քննարկումն ունեցավ Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցում էին նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, Շրջակա միջավայրի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը, Վերականգնման վարկերի բանկի ներկայացուցիչներ՝ ի դեմս Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում բնական ռեսուրսների և էներգետիկայի բաժնի ղեկավար Թոմաս Այզենբախը, ծրագրերի ղեկավար Ֆրանկ Մյորշլը և բանկի տարածաշրջանային ղեկավար Կլաուս Վեյգելը և հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ ձևաչափում համատեղ ծրագրերի ընթացքին և դրանց ընդլայնմանը վերաբերող հարցերին։

Քննարկվեցին 8.25 մլն եվրո ֆինանսական աջակցության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում սոցիալ-տնտեսական և բնապահպանական ուղղվածության 14 դրամաշնորհային ծրագրերը՝ 350.000 եվրո ընդհանուր բյուջեով ծրագրերի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը։

Անդրադարձ կատարվեց 23.2 մլն եվրո արժողությամբ «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրին», որն ուղղված է կենսաբազմազանությամբ հարուստ տարածքների կայուն կառավարմանն ու այդ տարածքներում մարդածին ներգործության նվազեցմանը, տեղական և ազգային մակարդակով շահագրգիռ կողմերի ներուժի հզորացմանը, ինչպես նաև տվյալ տարածքների կայուն ֆինանսական օժանդակության հնարավորությունների ստեղծմանը։

Կովկասի բնության հիմնադրամի կողմից 2020 թվականին Հայաստանին տրամադրվող դրամաշնորհի շրջանակում իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարների և այլ ընթացիկ ծախսերի ֆինանսավորում։ Քննարկվեցին տարածաշրջանային համագործակցության բաղադրիչները։

Օրակարգային վերջին հարցը շրջակա միջավայրի բարեփոխումների վրա հիմնված վարկային համաձայնագիրն էր, որի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների շարք, որոնք կապված են կայուն անտառկառավարման, կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների, շրջակա միջավայրի ստանդարտների և կանոնակարգերի հետ։։

Միջազգային համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել