35 նոր ախտորոշում ենք ունեցել․ Նիկոլ Փաշինյան
21:37 - 28 մարտի, 2020

35 նոր ախտորոշում ենք ունեցել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ Ռուսաստանի Դաշնության կառավարության նոր որոշմանը։

«ՌԴ կառավարությունը սահմաններին նոր սահմանափակումներ մտցնելու որոշում է կայացրել։ Այդ որոշումը որոշակի անհանգստություններ էր առաջացրել Հայաստանում, Հայաստանի բիզնես շրջանակներում։ Շատերը կարծում էին, որ այդ որոշումները որոշակի ազդեցություն կունենան նաև Հայաստանի և Ռուսաստանի բեռնափոխադրումների վրա»,- նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ այդ որոշումը որևէ կերպ չի ազդելու հայաստանյան բեռների վրա։ Փաստը հաստատվել է Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցի ժամանակ։ Հայաստանից Ռուսաստան և Ռուսաստանից Հայաստան բեռները շարունակելու են տեղափոխվել նախկին ռեժիմով։

Վարչապետը նաև անդրադարձավ Լարսի անցակետում բեռնատարների կուտակումներին։

«Լարսում երկար ժամանակ ձյուն էր։ Ճանապարհը բացվելուց հետո բեռնատարների շատ մեծ կուտակումներ կան։ Մենք վերջին օրերին ակտիվ աշխատում ենք Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ, որպեսզի բեռնատարների երթևեկությունը կանոնակարգենք և բերենք բնականոն վիճակի։ Այդ թեմայով խոսակցությունները բավականին արդյունավետ են, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի մեր գործընկերներին կառուցողական երկխոսության համար։ Համոզված եմ, որ առաջիկա օրերին ինտենսիվ աշխատանքի արդյունքում մենք խնդիրը կկարողանանք հարթել։ Վերջին օրերին մի փոքր բարելավվել է իրավիճակը»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանում սննդի ներկրումը իրականացվում է բնականոն ռեժիմով, մթերային խանութներում որևէ խնդիր չունենք։ Անդրադառնալով հակաճգնաժամային քայլերին՝ նա նշեց, որ Կառավարությունն արդեն 5 միջոցառման մասին որոշում կայացրել է, այդ 5 միջոառումները չորեքշաբթի առավոտվանից արդեն կսկեն գործել։ Պատրաստվում է միջոցառումների նոր խումբ, որը կընդունվի կառավարության առաջիկա նիստում։

Վարչապետն ասաց, որ մոտավորապես 35 նոր ախտորոշում ենք ունեցել։ Նա կարևորեց այս  ֆորսմաժորային իրավիճակում արդյունավետ գործելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել