Խորհրդարանը նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը |armenpress.am|
11:44 - 14 սեպտեմբերի, 2020

Խորհրդարանը նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած, գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր միայնակ տարեց և անժառանգ թոշակառուներին նախագծով հատկացնել կոմունալ վարձավճարների փոխհատուցում նվազագույն կենսաթոշակի  20 տոկոսի չափով: Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ԼՀԿ-ից Սրբուհի Գրիգորյանը:

«Միայնակ տարեց և անժառանգ թոշակառուներին նախագծով առաջարկվում է հատկացնել կոմունալ վարձավճարների փոխհատուցում նվազագույն կենսաթոշակի  20 տոկոսի չափով՝ ամսական ընդամենը 5 հազար դրամ»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը նշել է՝ չկան այդ թիրախային խմբի բազաները, բացի այդ 20 միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների համար սահմանվում են գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարի զեղչեր:

Գլխադասային հանձնաժողովի անդամ Հերքինազ Տիգրանյանը ներկայացրեց, թե ինչու է հանձնաժողովը բացասական եզրակացություն տվել: «Նախորդ տարվա դեկտեմբերին ընդունել ենք սոցիալական բնակարանային ֆոնդում, կացարաններում բնակվող միայնակ  կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական օգնություն ցուցաբերելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն արդեն գործում է, սահմանվել է, որ սոցիալական բնակարաններում բնակվող միայնակ տարեցները և կենսաթոշակառուներն արդեն օգտվում են կոմունալ վճարների համար պետության փոխհատուցման իրավունքից»,- ասաց պատգամավորը:

 Նա նշեց, որ նախագիծը նաև հստակեցված չէ, թե խոսքը վերաբերում է միայնակ տարեցներին ընդհանրապե՞ս, թե՞ սոցիալական բնակարաններում ու կացարաններում չբնակվող տարեցներին: «Եվ արդյոք նախագիծը կարո՞ղ է վերաբերվել աշխատող թոշակառուներին:  Կարծում ենք, որ նախագիծն արմատական վերանայման կարիք ունի»,-նշեց Տիգրանյանը:

Նախագիծն օրակարգ մտցնելու հարցը քվեարկության դրվեց, ստացավ  35 «կողմ», 72 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ՝ այսպիսով չընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել