Խունդկարյանի կարծիքով՝ ՍԴ-ին պետք է տալ սահմանադրական նորմի պաշտոնական մեկնաբանության լիազորություն |armenpress.am|
12:58 - 14 սեպտեմբերի, 2020

Խունդկարյանի կարծիքով՝ ՍԴ-ին պետք է տալ սահմանադրական նորմի պաշտոնական մեկնաբանության լիազորություն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը կարծում է, որ ՍԴ-ին պետք է օժտել Սահմանադրության նորմերի պաշտոնական մեկնաբանություն տրամադրելու ինքնուրույն լիազորությամբ: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածուն նման տեսակետ հայտնեց խորհրդարանի նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը:

Նա նշեց՝ չի կարելի բացառել Սահմանադրության հետագա զարգացման անհրաժեշտությունը, որը կարող է իրականացվել ոչ միայն տեքստային փոփոխություններ կատարելու միջոցով, այլ նաև սահմանադրական այս կամ այն նորմի բացահայտման եղանակով: Սահմանադրության զարգացման այլընտրանքային ուղին Սահմանադրության մեկնաբանության ինստիտուտի կատարելագործումն է, Սահմանադրության որևէ նորմ կիրառելիս օբյեկտիվորեն անհրաժեշտ է բացահայտել այդ նորմի բովանդակությունը: «Հենց այս հարցում  է, որ ՍԴ-ն պետք է իրեն դրսևորի հնարավորինս արդյունավետ:

Կարծում եմ, որ ՍԴ-ին պետք է օժտել սահմանադրական նորմերի պաշտոնական պարտադիր մեկնաբանություն տրամադրելու ինքնուրույն լիազորությամբ: Այդ լուծումը կարող է կիրառվել բոլոր այն դեպքերում, երբ հայցող սուբյեկտի մոտ առկա է Սահմանադրության անմիջականորեն կիրառման ենթակա դրույթի բովանդակության` Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանության բացահայտման անհրաժեշտություն:

Նման մեկնաբանության հայցումը կարող է իրականացվել  օրինակ Վճռաբեկ դատարանի կողմից իր վարույթում գտնվող որևէ գործով Սահմանադրության նորմի անմիջական կիրառության կապակցությամբ»,-ասաց Խունդկարյանը:

Թեկնածուի կարծիքով՝ ընդ որում այն ի սկզբանե կարող է կիրառվել միայն դատական իշխանության սուբյեկտների միջև փոխհարաբերություններում, իսկ աստիճանաբար նման նախաձեռնությամբ հանդես գալու լիազորությամբ վերապահել իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչներին:

Խունդկարյանը կարծում է, որ ՍԴ-ին Սահմանադրության նորմերի պաշտոնական մեկնաբանություն տրամադրելու ինքնուրույն լիազորություն ընձեռելը մեծապես կնպաստի Սահմանադրության կայունության ապահովմանը՝ կանխելով Հայաստանում Սահմանադրության տեքստի հաճախակի փոփոխությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել