Որեւէ մեկը ինձ վրա՝ որպես դատավորի, որեւէ ազդեցություն ոչ ունեցել է, ոչ էլ կարող էր ունենալ․ Երվանդ Խունդկարյան |armtimes.com|
14:42 - 14 սեպտեմբերի, 2020

Որեւէ մեկը ինձ վրա՝ որպես դատավորի, որեւէ ազդեցություն ոչ ունեցել է, ոչ էլ կարող էր ունենալ․ Երվանդ Խունդկարյան |armtimes.com|

armtimes.com: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) եզրակացությանը ես ծանոթ չեմ, չեմ էլ կարող ծանոթ լինել, որովհետեւ ըստ օրենքի՝  այն գաղտնի է եւ տրամադրվում է միայն ընտրություն կատարող անձանց։ Ես ընդամենը կարող եմ տեղեկացված լինել ԿԿՀ-ի ենթադրյալ կարծիքի մասին միայն այն կտորից, որը տեսել եմ մամուլում։ Բայց մամուլում առկա տեղեկությունն այնպիսին է, որ ինձ մոտ խիստ կասկածներ է առաջացնում, թե արդյո՞ք ԿԿՀ-ի կողմից կարող էր նման որակի վերլուծություններ լինել։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Վճռաբեկ դատարանի նախագահ, ՍԴ անդամի թեկնածու Երվանդ Խունդկարյանը՝ անդրադառնալով ԿԿՀ-ի՝ իր բարեվարքության թերթիկի վերաբերյալ եզրակացությանը։

Նա մեջբերեց նաեւ «Մելտեքս» ՍՊԸ-ի գործին վերաբերող օրինակը, եւ հավելեց, որ իր մոտ տարակուսանք է առաջանում՝ արդյո՞ք այն մարդիկ, որոնք իրեն մեղադրում են խախտումներ թույլ տալու եւ հեռուստաընկերությունը փակելու մեջ, կարդացե՞լ են Եվրոպական դատարանի համապատասխան վճիռը, թե՝ ոչ։ Նրա փոխանցմամբ՝ այդ վճռով արդար դատական իրավունքի որեւէ խախտում դատավոր Խունդկարյանի գործով տեղի չի ունեցել։ Ընդհակառակը՝ Խունդկարյանը ստեղծել է համապատասխան միջավայր, մրցակցելու տեսանկյունից ստեղծել է զենքերի հավասարություն  եւ կողմերի ներկայացված բոլոր միջնորդությունները քննության են առվել։

Հարցին, թե ի վերջո նա համաձա՞յն չէ ԿԿՀ-ի կարծիքի հետ, Խունդկարյանը պատասխանեց, որ այն չի կարդացել։ Թե ինչպիսի ազդեցություն կթողնի այդ եզրակացությունն իր ընտրության հարցում, ՍԴ դատավորի թեկնածուն դժվարացավ պատասխանել։ «Այդ կարծիքն ընդամենը պատգամավորներին տրված կարծիք է եւ պետք է ուղղորդի նրանց։ Եթե պատգամավորներն իրենց հարցուպատասխանի ժամանակ չեն ստանա բավարարող պատասխաններ եւ կգտնեն, որ դա խոչընդոտ է ընտրությանը, ընտրությունն իրենցն է, ես չեմ կարող որեւէ կերպ մեղադրել»,- ասաց Խունդկարյանը։

Վերլուծելով մամուլում առկա տեղեկություններն այդ եզրակացությունից, Խունդկարյանը շեշտեց, որ կան մի շարք գործեր, որոնց հետ ինքն ընդհանրապես կապ չունի։ Ըստ նրա՝ կա նաեւ գործերի մի շարք, որտեղ պետք է իրական վերլուծություն, թե որ ատյանի թերացումների արդյունքում է տեղի ունեցել խախտումը։ Նա շեշտեց նաեւ, որ Վճռաբեկ դատարանը կաշկանդված է բողոքի հիմքերով եւ հիմնավորումներով։ Այն չի կարող բողոքի հիմքերից եւ հիմնավորումներից դուրս գալ եւ փորձել լուծել այն խախտումները, որ տեսնում է։

Խունդկարյանի պնդմամբ՝ Թեղուտի գործերի մի խումբ, որտեղ մատնանշված էր նաեւ իր մասնակցությունը, իրականությանը չի համապատասխանում։ Հենց այս պատճառով, Խունդկարյանի պնդմամբ, նա վերապահումով է մոտենում այն տեղեկություններին, թե մամուլում հատյնված եզրակացությունը ԿԿՀ-ինն է։

«Որեւէ մեկը ինձ վրա՝ որպես դատավորի, որեւէ ազդեցություն ոչ ունեցել է, ոչ էլ կարող էր ունենալ, եւ հավատացած եղեք, որ որեւէ դատավոր որեւէ մեկի քիմքին հաճո արդարադատություն չի իրականացնում։ Ես չեմ ընդունում այդպիսի դատավորի կերպարը»,- ասաց Խունդկարյանը։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել