armtimes.com: Մանդատը վայր դնելուց առաջ պարոն Ջուլֆալակյանը ինձ հետ առանձնազրույց է ունեցել: Իր բարձրաձայնած դրվագները մի փոքր ավելի մանրամասն ինձ ներկայացրել է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով նույն խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու որոշմանը:

«Մենք երկուսով լուծումների հետ կապված ճանապարհային քարտեզ էինք մշակել, և մեր մոտեցումները հստակեցրել էինք: Դրանից հետո տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»,- ասաց Մակունցը՝ հայտնելով, որ երեկ Ջուլֆալակյանի առաջարկով խմբակցությունը հանդիպում է ունեցել վերջինիս հետ: Նա ավելի մանրամասնորեն է ներկայացրել խնդիրները, նաև պատասխանել է գործընկերների հարցերին: «Ես մնում եմ այն կարծիքին, որ, այո, բոլոր անդամները, որոնք ներկայացված են հանձնաժողովներումում, առանձին մոտեցումների հետ կապված իրենց առաջարկներն են ներկայացնում: Փորձում ենք Կառավարության մեր գործընկերներին համոզել մեր դիրքորոշումներում, երբեմն մեզ մոտ ստացվում է համոզել, երբեմն նրանք են մեզ համոզում: Եվ ինստիտուցիոնալ առումով սա ճիշտ ճանապարհն է»:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Կառավարությանը ներկայացրած հարցապնդմանը, որով անվստահություն են հայտնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, Մակունցը նշեց, որ այս պահին չկան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը: «Մենք չունենք այն տեսակետը, որ բոլորս աշխատում ենք կատարյալ կերպով և մոտեցումների վերանայման աշխատանքում որոշակի շտկումներ մտցնելու կամ քննադատություններին ականջալուր լինելու անհրաժեշտություն չունենք: Առաջինը ես իմ մասին եմ խոսում: Մենք չենք կարծում, որ խնդիրների լուծման ճանապարհը միանգամից կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում պարոն Հարությունյանի պաշտոնավարումը առնվազն այս պահին: Առաջիկայում նույնպես քննարկումների առիթ կունենանք նախարարի հետ և մեր դիտարկումները կներկայացնենք»:

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։