Միրգ-բանջարեղենի արտահանման աճի մասին տվյալները շփոթեցնող են, բայց ոչ ուռճացված
11:17 - 16 սեպտեմբերի, 2020

Միրգ-բանջարեղենի արտահանման աճի մասին տվյալները շփոթեցնող են, բայց ոչ ուռճացված

Սեպտեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակում էր արել, որտեղ ներկայացնում էր մի քանի ապրանքախմբերում գրանցված արտահանման ծավալների նկատելի աճը։

Վերոնշյալ հրապարակմանն անդրադարձել է նաեւ «Փաստերի ստուգման հարթակը» եւ նշել, որ, չնայած հրապարակված՝ արտահանման այս տարվա ցուցանիշները ճիշտ են, սակայն նախորդ տարվա համեմատ հաշվարկված աճն ուռճացված է։

Նիկոլ Փաշինյանը գրառման մեջ մասնավորապես նշել էր, որ 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166%-ով. արտահանվել է 5.5 միլիոն դոլարի արտադրանք: «Փաստերի ստուգման հարթակը», անդրադառնալով վերոնշյալ թվերին, հանգել է եզրակացության, որ աճը եղել է ոչ թե 166%, ինչպես նշել է վարչապետը, այլ 96%: Կայքն այս 96% աճը ստացել է՝ համեմատելով այս եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածների արտահանման ծավալները՝ դրամական արտահայտությամբ (դոլար)։ Սակայն երկու տարիների արտահանման ծավալների համեմատությունը՝ քանակական արտահայտությամբ (տոննա) ցույց է տալիս, որ ներկայացված թվերը ուռճացված չեն, սակայն ներկայացման եղանակը կարող է թյուրիմացության մեջ գցել ընթերցողին, քանի որ սկզբում ներկայացնում է այս տարվա արտահանման ծավալների աճը՝ քանակակական արտահայտությամբ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որից հետո նշում է թե քանի միլիոն դոլարի արտադրանք է արտահանվել․ սա  տպավորություն է ստեղծում, թե աճը հաշվարկվել է դրամական արտահայտությամբ: 

Համապարփակ պատկեր ստանալու համար, սակայն, անհրաժեշտ է ներկայացնել միաժամանակ երկու ցուցանիշներն էլ, որովհետեւ հնարավոր է՝ արտահանման ծավալները նվազեն, բայց գնային աճի շնորհիվ տպավորություն ստեղծվի, թե աճել են։

Այսպիսով՝ այս տարի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը կազմել է շուրջ 2173 տոննա։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանման ծավալը եղել է շուրջ 803 տոննա։ Ստացվում է՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի արտահանման ծավալներն աճել են շուրջ 170%-ով։ Ինչ վերաբերում է արտահանումից ստացված եկամտին, ապա այս տարի հունվար-հուլիս ամիսներին արտահանվել է շուրջ 5,5 միլիոն դոլարի ապրանք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է շուրջ 2,8 միլիոն դոլարի ապրանք։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի արտահանումից ստացված եկամուտն աճել է 96%-ով։

Ըստ վարչապետի՝ սունկ-դդմիկ-սպանախ ապրանքախմբի արտահանումը աճել է 62%-ով. արտահանվել է 3.2 միլիոն դոլարի արտադրանք։ «Փաստերի ստուգման հարթակը» հաշվարկել է 28% աճ։

Սունկ-դդմիկ-սպանախ ապրանքախմբից 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին արտահանվել է շուրջ 3336 տոննա։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է շուրջ 2029 տոննա։ Ստացվում է՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի արտահանման ծավալներն աճել են շուրջ 64%-ով։ Ինչ վերաբերում է արտահանումից ստացած եկամուտներին, ապա այս տարի արտահանվել է 3,2 միլիոն դոլարի արտադրանք։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է 2,5 միլիոն դոլարի արտադրանք։ Ստացվում է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարի արտահանված արտադրանքից ստացված եկամուտն աճել է 28%-ով։

Ըստ վարչապետի ներկայացրած տվյալների՝ աճել է նաեւ ծաղիկների արտահանումը՝ 16.9%-ով: Արտահանվել է 3.9 միլիոն դոլարի արտադրանք: «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացված տվյալների վերաբերյալ հաշվարկել է 8,6% նվազում, ինչը վերաբերում է արտահանումից ստացված եկամտին։ Սակայն 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին ծաղիկների արտահանման ծավալները կազմել են շուրջ 889 տոննա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է շուրջ 722 տոննա։ Ստացվում է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի արտահանման ծավալներն աճել են շուրջ 23%-ով։ Ինչ վերաբերում է արտահանումից ստացված եկամուտներին, ապա այս տարի արտահանվել է շուրջ 3,9 միլիոն դոլարի արտադրանք։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է շուրջ 4,3 միլիոն դոլարի արտադրանք։ Ստացվում է, որ անցած տարվա համեմատ այս տարի արտահանումից ստացված եկամուտը նվազել է 9,3%-ով։

Վարչապետի հրապարակած վերջին թիվը լոլիկի արտահանման աճի վերաբերյալ է։ Փաշինյանը գրել է, որ ջերմոցային ամենաարտահանելի արտադրանքը շարունակում է մնալ լոլիկը. հունվար-հուլիսին արտահանման ծավալն աճել է 18.5%-ով, արտահանվել է 23.5 միլիոն դոլարի արտադրանք: «Փաստերի ստուգման հարթակն» էլ հաշվարկել է 30․1% աճ։

2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին արտահանվել է շուրջ 22․007 տոննա ծավալի լոլիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է շուրջ 18․473 տոննա։ Ստացվում է՝ այս տարի անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ լոլիկի արտահանման ոլորտում գրանցվել է շուրջ 19% աճ։ Ինչ վերաբերում է արտահանումից ստացված եկամուտներին, ապա այս տարի արտահանվել է շուրջ 23,5 միլիոն դոլարի լոլիկ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է շուրջ 18 միլիոն դոլարի լոլիկ։ Այսինքն՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի արտահանված լոլիկից ստացված եկամուտն աճել է 30%-ով։

Այսպիսով, չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տվյալները շփոթեցնող են, այնուամենայնիվ ե՛ւ «Փաստերի ստուգման հարթակի», ե՛ւ Փաշինյանի հաշվարկած ցուցանիշները, ըստ էության, ճիշտ են, բայց անհամադրելի։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել