Պատգամավորները քննարկում են բնապահպանական տեսչական մարմնին նոր գործիքակազմ տրամադրող նախագիծ |armenpress.am|
11:10 - 15 սեպտեմբերի, 2020

Պատգամավորները քննարկում են բնապահպանական տեսչական մարմնին նոր գործիքակազմ տրամադրող նախագիծ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին վերապահել հատուկ գործիքակազմ, որով կկարողանա տեղում անհապաղ կասեցնել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը, իսկ եթե տնտեսավարողը դիմի դատարան, ապա կասեցման որոշումը կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև դատարանի կողմից վճիռ կհրապարակվի:

«Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

«Գործող իրավակարգավորումներով հաճախ ստուգման ընթացքում լինում են դեպքեր, երբ անհրաժեշտություն է լինում տեղում անմիջապես կասեցնել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը: Սակայն գործող իրավակարգավորումները դրա հնարավորությունը չեն տալիս: Նախատեսել ենք տեսչական մարմնին վերապահել հատուկ գործիքակազմ, որի միջոցով այն կարող է տեղում անհապաղ կասեցնել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը: Եթե կասեցման պարագայում տնտեսավարողը դիմում է դատարան, ապա կասեցման որոշումը մնում է ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև դատարանի կողմից վճիռ կհրապարակվի»,- ասաց Ասոյանն ու հավելեց՝ միայն դատարանի որոշմամբ կամ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կարող է այդ կասեցումն ուժը կորցրած ճանաչվել:

Նա նշեց՝ հաճախ, երբ տեսչական մարմինը որոշում է կայացնում որոշակի գործունեության կասեցման վերաբերյալ, տնտեսավարողն ամիջապես դիմում է դատարան: Եվ գործող իրավակարգավորումներով՝ դատարան դիմելու պարագայում տեսչական մարմնի վարչական ակտը մնում է կախված այնքան ժամանակ, մինչև դատարանը կունենա վճիռ: Եվ փաստացի լինում են իրավիճակներ, երբ կասեցված գործունեության պարագայում տնտեսավարողը շարունակում է գործել:

Կասեցման գործիքը տեսչական մարմինը կօգտագործի 10 բացառիկ դեպքերում, որոնք սահմանված են օրենքով: Փաթեթում, բացի գործունեության դադարեցումից, նախատեսված է նաև գործողության դադարեցումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել