Ընտրվել են ՍԴ դատավորներ, որոնք իշխանության հետ որևէ կապ չունեն. Ալեն Սիմոնյան |armenpress.am|
15:27 - 15 սեպտեմբերի, 2020

Ընտրվել են ՍԴ դատավորներ, որոնք իշխանության հետ որևէ կապ չունեն. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում սեպտեմբերի 15-ի քվեարկությամբ ընտրված Սահմանադրական դատարանի երեք դատավորները գործող իշխանության «սպասարկուները» չեն և ոչ էլ որևէ կապ են ունեցել իշխանության հետ:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այսօր ընտրվել են նոր դատավորներ, որոնք կանեն իրենց աշխատանքը և չեն հանդիսանում ՀՀ գործող իշխանության ոչ սպասարկուներ, ոչ որևէ կապ են ունեցել իշխանության հետ»,-ասաց նա:

Անդրադառնալով թեկնածուների հասցեին հնչող քննադատություններին՝ նա հիշեցրեց՝ իշխանությունն ասել է, որ չեն ձևավորելու ՍԴ, որը լինելու է խամաճիկային:

Անդրադառնալով հարցին, թե ինչն է փոխվել, որ Արթուր Վաղարշյանի թեկնածությանը իշխանական խմբակցությունն այս անգամ կողմ է քվեարկել՝ նա ասաց. «Շատ լուրջ քննարկվել է Արթուր Վաղարշյանի ելույթը ԱԺ-ում, հարցազրույցը, մոտեցումները, և մենք բավականին դրական բաներ ենք տեսել, որը ազդել է որոշում կայացնելու վրա»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց՝ մասնագիտական առումով նույնիսկ անցյալում խնդիր չեն տեսել:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Երվանդ Խունդկարյանը նախկին իշխանության ժամանակ ևս պատասխանատու պաշտոն է զբաղեցրել, Սիմոնյանն ասաց. «Ես մարդկանց դատելով չեմ զբաղվում: Ես արտահայտում եմ մեր կարծիքը: Կարծիքն այն է, որ Խունդկարյանն այսօր կարող է իրականացնել ՍԴ դատավորի պարտականությունները: Եվ այդպես կարծում է խմբակցությունը»,-ասաց նա ու նշեց՝  ինքը գտնում է, որ դատական համակարգի հետ կապված չի եղել մի օրինակ, որտեղ Խունդկարյանը «խամաճիկի» դերում է հանդես եկել:

ԱԺ փոխնախագահը նաև տեղեկացրեց, որ իշխանությունում առաջադրված թեկնածուների վերաբերյալ քննարկումներ եղել են, եղել են տարբեր կարծիքներ: Բայց խմբակցությունը քննարկելով կայացրել է միասնական որոշում:

ՀՀ ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին  Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ Կառավարությունը:

ՀՀ ազգային ժողովը 2019 թվականի մայիսի 29-ին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում չէր հաստատել Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Նրա թեկնածությանը «կողմ» էր քվեարկել 30 պատգամավոր, «դեմ»՝ 53-ը:  Արթուր Վաղարշյանին այդ պաշտում առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել