ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ
15:32 - 15 սեպտեմբերի, 2020

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում սեպտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Նախարար Մնացականյանը նշել է, որ այս հանդիպումը լավ առիթ է՝ վերարժևորելու Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև հաստատված համագործակցությունը և ուրվագծելու այն ընդլայնելու հեռանկարները: Երկուստեք գուհունակությամբ ընդգծվել է հայկական համայնքների դերը Հայաստանի և արաբական աշխարհի  հարաբերությունների ամրապնդման գործում:

ԱԳ նախարարը և ԱՊԼ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին: Երկուստեք մտահոգություն է հայտնվել այդ տարածաշրջաններում սադրիչ գործողությունների և կայունության ու անվտանգության խաթարմանն ուղղված գործելակերպի դրսևորումների առնչությամբ, շեշտվել է տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանմանն ու ամրապնդմանը միտված միջազգային հանրության միասնական քայլերի կարևորությունը։

ԱԳ նախարարն իր զրուցակցին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաղեստինյան խնդրի շուրջ ստեղծված ներկա իրավիճակին, ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է Լիբանանի և Սիրիայի հումանիտար խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել