ԿԲ-ն կանխատեսում է ՀՆԱ-ի 6,2% անկում 2020-ին |civilnet.am|
16:53 - 15 սեպտեմբերի, 2020

ԿԲ-ն կանխատեսում է ՀՆԱ-ի 6,2% անկում 2020-ին |civilnet.am|

civilnet.am: Կենտրոնական բանկը փոխել է 2020 թ. ՀՆԱ-ի անկման սպասվող ցուցանիշը և նախկին 4% անկման փոխարեն կանխատեսում է 6,2% անկում․ այս մասին սեպտեմբերի 15-ին ասուլիսին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալաստյանը։ Նա նշեց, որ անկման տեմպերի ուժեղացումը պայմանավորված է գյուղատնտեսության, շինարարության, ծառայությունների և արդյունաբերության ոլորտների խնդիրներով:

Համաձայն ԿԲ կանխատեսման` տարեվերջին գյուղատնտեսության ոլորտում անկումը կկազմի 1,1%, արդյունաբերության ոլորտում՝ 2%, շինարարության ոլորտում՝ 18,7%, իսկ ծառայությունների ոլորտում՝ 6,1%: Սպասվում է նաև հարկերի կրճատում 12,1%-ով: «Առաջին կիսամյակում գնահատվածից ավելի մեծ են եղել մասնավոր ծախսումները, որի զսպող ազդեցությունը ներքին պահանջարկի վրա մասամբ մեղմվել է կառավարության իրականացրած հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությամբ»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ սպառումը ևս կրճատվել է սպասվածից ավելի շատ:

Մասնավոր սպառման անկումը 2020 թ․, համաձայն ԿԲ-ի կանխատեսման, կկազմի 9,4%, մասնավոր ներդրումները կկրճատվեն 20%-ով, մասնավոր ծախսումները՝ 10,8%-ով: Գնաճի ցուցանիշը 2020 թ. կկազմի 2,5%:

Ստեծված իրավիճակում, ԿԲ նախագահի կարծիքով, կարևորվում է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը, իսկ ԿԲ-ն իր հերթին պատրաստ է բանկերին ապահովել անհրաժեշտ իրացվելիությամբ: Նա հիշեցրեց, որ ԿԲ խորհուրդն այսօր որոշել է 0,25% տոկոսային կետով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 4,25%:

Այս համատեքստում ԿԲ նախագահը կարևորեց կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումը, որոնք կառավարությունը, համաձայն պաշտոնական տվյալների, թերակատարում է (2020 թ․ առաջին կիսամյակում կապիտալ ծախսերը 60%-ով թերակատարվել են): «Այս խնդիրը բարձրաձայնում ենք կառավարության մեր գործընկերների քննարկումներում: Ստեղծված իրավիճակում մենք շատ ենք կարևորում կապիտալ ծախսերի արդյունավետ կատարումը»,- ասաց նա:

Գալաստյանի խոսքով՝ ԿԲ կանխատեսման բազային սցենարով 2021 թ․ ակնկալվում է տնտեսության վերականգնում: «Աճի վերականգնում ենք ունենալու, բայց նախկինում կնախատեսված V-աձև վերականգնումը տեղի չի ունենա: Այն ավելի դանդաղ կլինի: Ամեն դեպքում ակնկալում ենք շուրջ 4-5% ՀՆԱ-ի աճ (նախորդ կանխատեսմամբ՝ 5,5%), և այն կլինի բոլոր ուղղություներով»,- ասաց նա՝ նկատելով, որ խոսքը բազային սցենարի մասին է, համաձայն որի՝ Հայաստանը կկարողանա ապրել կորոնավիրուսի հետ և այն մեծ տարածում չի գտնի երկրում՝ հանգեցնելով նոր սահմանափակումների:

Գնաճի ցուցանիշը 2021 թ․, համաձայն ԿԲ բազային սցենարի, կկազմի 1,7-2%:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել