armtimes.com: Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի կարծիքով՝ եթե պաշտպանության կողմին տրամադրվեն նախաքննության փուլում գտնվող մայր գործի ողջ նյութերը, իրենք կգտնեն այն ապացույցները, որոնցով կկարողանան արդարացնել իրենց պաշտպանյալներին:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս մասին այսօր հայտարարեց պաշտպան Մեժլումյանը՝ դատարանին միջնորդելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջել եւ իրենց տրամադրել Մարտի 1-ի մայր գործի ողջ նյութերը:

Կարեն Մեժլումյանը նախ նշեց, որ մեղադրանքների որոշումներում, ինչպես նաեւ մեղադրական եզրակացության մեջ, կարմիր թելով անցնում է այն, որ 2008 թ. մարտի 1-ի երեկոյան, ընդհուպ՝ մարտի 2-ի գիշերը, տեղի են ունեցել խաղաղ հավաքներ, ինչը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու համար զինված ուժերի եւ ոստիկանության ստորաբաժանումները Երեւանի կենտրոնական փողոցներում գործողություններ են իրականացրել՝ գործածելով զենք, պայթուցիկ նյութեր եւ այլ հատուկ միջոցներ:

Պաշտպանը նշեց, որ որպես այդ մեղադրանքը հիմնավորող ապացույցներ՝ դատարան է ուղարկել 79 հատոր գործ՝ կից 3 հատոր մեղադրական եզրակացությամբ. «Մինչդեռ, իմ տեղեկություններով, մայր քրեական գործը ավելի քան 500 հատոր է կազմել դեռ այդ ժամանակ, եւ դրանում կան բազմաթիվ ապացույցներ, ըստ որոնց՝ հավաքները որոշակի ժամանակահատվածում եղել են ոչ խաղաղ բնույթի, եւ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, ինչի հետ կապված բազմաթիվ գործեր են մայր գործից առանձնացվել եւ ուղարկվել դատարան»:

Ըստ Մեժլումյանի՝ իրենց վերաբերյալ գործով դատարան ուղարկված 79 հատորում այդ ապացույցները կամ դրանց մեծամասնությունը չեն ներառվել. «Այսինքն՝ թաքցվել են նախաքննության մարմնի կողմից, մինչդեռ դրանք կարող են էական նշանակություն ունենալ՝ օբյեկտիվ իրականությունը բացահայտելու եւ պարոն Օհանյանի պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու համար, քանի որ կհերքվի մեղադրանքի այն պնդումը, թե զինված ուժերի եւ ոստիկանության ստորաբաժանումները անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու համար են գործողություններ իրականացրել»:

Նույնաբովանդակ միջնորդություն ներկայացրեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ դարձյալ շեշտելով, որ բացառված չէ, որ պաշտպանության կողմին չտրամադրված նյութերում առկա լինեն այնպիսի ապացույցներ, որոնք առհասարակ բացառեն քրեական հետապնդումը: 

Շարունակությունը՝ armtimes.com-ում