Բորելն առաջարկում է Ալեքսեյ Նավալնիի անունով կոչել ԵՄ պատժամիջոցների նոր նախագիծը |azatutyun.am|
20:20 - 15 սեպտեմբերի, 2020

Բորելն առաջարկում է Ալեքսեյ Նավալնիի անունով կոչել ԵՄ պատժամիջոցների նոր նախագիծը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը առաջարկել է Ալեքսեյ Նավալնիի անունով կոչել եվրոպական պատժամիջոցների նոր նախագիծը, որը կկիրառվի մարդու իրավունքների խախտումներին առնչություններ ունեցող ռուսաստանցիների նկատմամբ: Բորելը այս մասին հայտարարել է Եվրամիության խորհրդարանում։

Նրա խոսքերով՝ պաշտոնը ստանձնելու պահից սկսած նա սկսել է աշխատել ԵՄ պատժամիջոցների նոր մեխանիզմի վրա, որը կլինի ամերիկյան Մագնիտսկու ակտի նմանօրինակը: Նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել այս աշնանը:

«Հուսով եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել Նավալնիի հետ, կատալիզատոր կդառնա Եվրամիության բոլոր անդամ երկրների համար, որպեսզի նրանք խոսքից գործի անցնեն և հավանություն տան այդ պատժամիջոցների ռեժիմը։ Ամերիկյան Մագնիտսկու ակտի նմանօրինակով, մենք կարող ենք ունենալ «Նավալնիի պատժամիջոցների ռեժիմ», ինչը լավ հնարավորություն կդառնա ամփոփելու տեղի ունեցածը, և այնպես անել, որպեսզի Նավալնիի անունը ասոցացվի իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու հետ», - ընդգծել է Եվրամիության դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

«Մագնիտսկու ակտը» ընդունվել է ի հիշատակ Hermitage Capital-ի իրավաբան և աուդիտոր Սերգեյ Մագնիտսկու, ով 2008 թվականին, իրավապաշտպանների համոզմամբ, շինծու մեղադրանքով, ձերբակալվել և մեկ տարի անց մոսկովյան բանտում մահացել է:

Մագնիտսկին հայտնի է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պետական միջոցների խոշոր յուրացումները բացահայտող հետաքննություններով: 2012-ին Միացյալ Նահանգներն ընդունել է «Մագնիտսկու օրենքը», որի նպատակն է պատժել մարդու իրավունքները ոտնահարող պաշտոնյաներին, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել