ԱԺ-ն ընդունեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ ուղևորափոխադրումներին առնչվող նախագիծը |armenpress.am|
12:02 - 16 սեպտեմբերի, 2020

ԱԺ-ն ընդունեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ ուղևորափոխադրումներին առնչվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նոր օրենսդրական նախաձեռնությունը, որով  առաջարկվում է ուղևորափոխադրումների կազմակերպմամբ զբաղվողներին պահուստային տրանսպորտային միջոցների համար պետտուրքի գծով արտոնություն տալ:

Պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 119 կողմ ձայն:

Նախագիծը ներկայացնելիս Արթուր Դալլաքյանը նշել էր, որ Պետական տուրքի մասին օրենքը սահմանում է, որ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղիների շահագործման կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների կազմակերպման  արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ ասմվա ընթացքում տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը: Ընդ որում, պետական տուրքի հաշվարկման նպատակով ավոտբուսների կամ միկորավտոբուսների քանակը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների և միկրոավտոբուսների՝ ներառյալ պահուստային տրանսպորտային միջոցների քանակից: Արդյունքում էականորեն բարձրանում է ուղևորափոխադրողների կողմից վճարվող տուրքի չափը, քանի որ պահուստային տրանսպորտային միջոցները նույնպես դրվում են տուրքի հաշվարկման հիմքում:

Նախագծով առաջարկվում է պետական տուրքի գծով արտոնություն տալ բացառապես պահուստային տրանսպորտային միջոցների համար, եթե կազմակերպությունները և անհատ ձեռնարակատերերը զբաղվում են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղիների շահագործմամբ կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների կազմակերպմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել