ԼՀԿ-ի այս նախաձեռնությունն ավելի կուժեղացնի նախարարությանը. ԿԳՄՍ նախարարը՝ հրաժարականի պահանջի մասին |armenpress.am|
15:20 - 16 սեպտեմբերի, 2020

ԼՀԿ-ի այս նախաձեռնությունն ավելի կուժեղացնի նախարարությանը. ԿԳՄՍ նախարարը՝ հրաժարականի պահանջի մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել՝ խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում՝ ֆորսաժների և արագացումների կամ դանդաղումներ հարուցելու համար: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց նախարար Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխանեց «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդման, որով պահանջում են Հարությունյանի հրաժարականը:

Արայիկ Հարությունյանն ԱԺ ամբիոնից ներկայացրեց հարցապնդման պատասխանը:

«Իրականում «Լուսավոր Հայաստան»-ի այս նախաձեռնությունը սրանով ավելի կուժեղացնի նախարարությունը, որովհետև հաճախ կան դիտարկումներ, թե մենք չենք ներկայացնում մեր ամբողջ արածը, իսկ դրանք շատ են, և սա լավ առիթ է: Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, իմ կարծիքով, բնական են»,-ասաց նախարարը:

Հարությունյանը նշեց՝  կրթության ոլորտից է, լավագույնս տեղյակ է եղել այն ծանրությանը, որ վերցրել է ոլորտում՝ բարեփոխումներ նախաձեռնելով, և թե դա ինչ դիմադրության է արժանանալու: Նա հիշեցրեց՝ դեռ 2018-ին խոսել է այդ ծանր բարեփոխումների մասին, երբ մեծ խմբեր զրկվելու են կոմֆորտի իրենց գոտում մնալուց կամ ստիպված էին տեղափոխվել այլ գոտի:

Նախարարն անդրադառնալով՝ իր բնորոշմամբ մեծ բարեփոխումների շուրջ լարվածության պատճառներին՝  նշեց, որ կան օբյեկտիվ պատճառներ: Ըստ ամենայնի հանրության, ԱԺ-ի, մի շարք շահագրգիռ կողմերի՝ մի կողմից և նախարարության միջև մյուս կողմից՝ գոյություն ունեցող կոմունիկացիոն հարցերն են, որոնք շտկելի են: Հարությունյանի կարծիքով՝ թեպետ կան և ծայրահեղ սուբյեկտիվ պատճառներ, որոնց մեծ մասն անընդունելի է, անհասկանալի և մերժելի:

«Կառավարությունը, նախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում՝ ֆորսաժների և արագացումների կամ դանդաղումներ հարուցելու համար: Մենք նման արագացումներ տեսել ենք 12-ամյա կրթական համակարգին անցնելիս կամ Բոլոնիայի գործընթացում, երբ ձևը ստանձնել ենք, իսկ բովանդակությունը՝ ոչ:

Մեր կարծիքով՝ տասնյակ և հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ իրենց վրա զգացել են բարեփոխումների կառուցվածքային, ենթակառուցվածքային, նյութականին միտված բարերար ազդեցությունները, տասնյակ նոր դպրոցներ, մշակութային հաստատություններ են ստեղծվել, նորոգվել և ստեղծվում համայնքներում»,-ասաց նախարարն ու թվեց, թե որտեղ ինչ աշխատանք է արվել:

Հարությունյանը շեշտեց՝ Հայաստանի պատմության մեջ հնարավոր չի լինի գտնել մի իրավիճակ, երբ որևէ գերատեսչություն այս ծավալի հայեցակարգային ու մայր օրենքներ, փաստաթղթեր զուգահեռ մշակի ու ներկայացնի: Նախարարը թվեց դրանք՝  Նախադպրոցական կրթության մասին օրենքն ընդունվել է, Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը հաջորդ շաբաթ կլինի ԱԺ-ում, հինգ ոլորտային ռազմավարություններ, որոնց մի մասը հաջորդ ամիս կդրվի հանրային քննարկումների, Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունների փաթեթն արդեն ընդունվել է:

«Մենք չենք ուզում շտապել և ունենալ այնպիսի մի փաստաթուղթ, որը երբեք չի կատարվի, ինչը եղել է նախկինում: Ու մտահոգ այս «յարուսը» ժամանակին չէր մտահոգվում, որ ռազմավարությունը չկար կամ իրենց մասնակցությամբ կառավարությունը չի հետևում այդ ռազմավարությանը»,-ասաց Հարությունյանն ու շեշտեց՝ այն պահին, երբ քաղաքական թիմն արձանագրի, որ սխալ ուղղությամբ են գնում, մեկ րոպե ավելի չի զբաղեցնի այդ պաշտոնը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել